Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունների լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդության լուծումը՝ նրանց գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ։ Լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատավոր Դանիբեկյանը արձանագրեց, որ դատարանը հնարավոր չի գտնում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելու՝ լուծել ներկայացված միջնորդությունը, ուստի դատարանը այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո։

«Անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել մասնագետի ընտրության հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման հարցը։ Հետևաբար, միջնորդության քննարկումը և լուծումը հետաձգվում է մինչև դատարանի կողմից կալանքի տակ դրված գույքի արժեքը որոշելը»,- ասաց Դանիբեկյանը։

Ավելի վաղ,  Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները հրաժարվեցին դատարանին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը։

Նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմից պահանջել էր ամբողջական տեղեկություն տրամադրել արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ։