Գարեգին Բ-ն տեսակապով զրույց է ունեցել Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով զրույց է ունեցել Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

Հեռավար հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ հայրենիքում՝ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղ գտած ռազմական գործողություններին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է հայտնել վերջին զարգացումների շուրջ՝ աղոթքով հիշելով հանուն հայրենիքի խաղաղության և անվտանգության նահատակված հայորդիներին։ Նորին Սրբությունը խոսել է նաև այս առիթով տարբեր երկրներում Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ազգամիջյան բախումների և համայնքներում տիրող իրավիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իրենց հետ հաղորդակցություն պահպանելուց բացի՝ մշտական կապի մեջ է եղել Եվրոպայի ու Ռուսաստանի թեմակալների հետ։

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքի խոսքն է հայտնել տարբեր քաղաքներում թեմակալ առաջնորդների և հոգևորականների ունեցած կարևոր դերակատարության առնչությամբ, որի շնորհիվ հաջողվել է պաշտպանել հայ համայնքները և պատշաճ վարքագիծ դրսևորել ազգամիջյան լարվածության հաղթահարման համար։ Դատապարտելով ադրբեջանական այս քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների։

Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծել է անհրաժեշտությունը Սփյուռքի կառույցների միջև գործակցության զորացման ու համախմբման, ինչպես նաև Հայրենիքի կապերի սերտացման և ամրապնդման։

«Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության», – նշել է Հայոց Հայրապետը։

Իրենց հերթին թեմակալ առաջնորդները զորակցություն են հայտնել Հայոց Հովվապետին և հայրենաբնակ ժողովրդին՝ հաստատելով, որ Սփյուռքն ապահով է միայն Հայաստանի հզորությամբ, անվտնագությամբ և առաջընթացով, և կարևորել են համազգային միասնականությունը։

Զրույցի ընթացքում թեմակալները Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկություններ են փոխանցել թեմերի և ծուխերի ներկայիս վիճակի, եկեղեցիներում աստվածպաշտության կազմակերպման և համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը, կարևորելով այս ծանր շրջանում թեմակալների և հովիվների մատուցած ծառայությունը իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող ազգի զավակներին, իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել թեմերում սպասավորող հոգևոր դասին։

Նորին Սրբությունն ընդգծել է, որ Մայր Աթոռը զորավիգ է յուրաքանչյուր հայորդու և պիտի շարունակի իր զորակցությունը բերել թեմակալ առաջնորդներին իրենց հոգևոր և ազգապահպան աստվածահաճո առաքելության մեջ։ Հայոց Հովվապետը առաջնորդներին նաև ներկայացրել է հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը՝ բարձրորեն գնահատելով այդ ծրագրերի իրագործման համար ընծայաբերումներ կատարած թեմերի և անհատ բարերարների հանձնառությունները։

Հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել նաև Հայրենիքում կրթական բարեփոխումների գործընթացի, ինչպես և հանրակրթական դպրոցից ,Հայոց Եկեղեցու պատմությունե առարկայի դուրսբերման շուրջ։

Քննարկվել են թեմական կյանքին առնչվող տարբեր հարցեր, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներ և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիներ։

Զրույցն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և մաղթանքով, որ Երկնավոր Տերը խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհը և օրհնի հայոց ազգը ի հայրենիս և ի սփյուռս՝ զորավիգ լինելով ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման ճանապարհին։