«Աշակերտներին դպրոցներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն». ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախազգուշացումը «սերնդային աղետի» մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսային համավարակի համապատկերին դպրոցների համատարած փակման հետևանքով աշխարհը բախվում է «սերնդային աղետի»: Նա ընդգծել է, որ աշակերտներին և ուսանողներին ապահով դասասենյակներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթություն:

Ինչպես նշում է The Guardian -ը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ հուլիսի կեսի դրությամբ դպրոցները փակ են եղել աշխարհի մոտ 160 երկրում, ինչն անդրադարձել է ավելի քան մեկ միլիարդ աշակերտի վրա, մինչդեռ առնվազն 40 մլն երեխա չի հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Գուտերեշն այս մասին նշել է տեսաուղերձի ժամանակ՝ ընդգծելով, որ նախքան համավարակը՝ ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն երեխա զրկված էր դպրոց հաճախելու հնարավորությունից:

«Հիմա մենք կանգնած ենք սերնդային աղետի դեմ, որը կարող է ի չիք դարձնել մարդկային դեռևս անհայտ ներուժը՝ վտանգելով տասնամյակների առաջընթացը ու խորացնելով արմատավորված անհավասարությունը: Հենց որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելի դառնա, աշակետներին և ուսանողներին հնարավորինս արագ դպրոցներ ու կրթական այլ հաստատություններ ապահով վերադարձնելը պետք է թիվ մեկ առաջնահերթություն լինի»,-նշել է Գուտերեշը: