«Le Monde». «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում»

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, հոդվածում  անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։

Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։

«Le Monde»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․ նոյեմբերին։ Մինչ այդ  Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով չորս հանդիպում էին անցկացրել։

Ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց, թե «այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920 թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։

Հիշեցնենք, որ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: