Միլիոնավոր ամերիկացիներ բախվել են իրենց գլխավերևի տանիքը կորցնելու ռիսկին

Պետք է խոստովանել, որ այս տարի մենք բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգների հետ և այս երկրի ներսում: Միևնույն ժամանակ, մենք դիտավորյալ վկայակոչել ենք միայն ամերիկյան աղբյուրներին, հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում կան ԱՄՆ և տխրահռչակ «ամերիկյան կյանքի ձևի» չափազանց շատ երկրպագուներ: Եվ Միացյալ Նահանգների համար աղոթող և նույնիսկ ԱՄՆ համար աշխատող Հայաստանի քաղաքացիները գերադասում են չհավատալ ոչ ամերիկյան աղբյուրներից ստացված տեղեկություններին: Դե ինչ, ամերիկամետ հայեր, հավատացեք ամերիկյան աղբյուրներին:

Հուլիսին Նոբելյան մրցանակի բազմակի դափնեկիր Ռոբերտ Ջեյմս Շիլլերը ԱՄՆ-ի համար կանխատեսում էր տների գների զանգվածային անկում: Նրա կարծիքով, COVID-19-ի արագ տարածումը արդեն իսկ շատ ամերիկացիների մեջ առաջացրել է մեգապոլիսների տարածքներից դուրս, ավելի լավ կյանք փնտրելու ցանկություն, և դեուրբանացումը շարունակելու է թափ հավաքել: Արդյունքում, քաղաքներում անշարժ գույքի պահանջարկը կնվազի, որն էլ իր հերթին կբերի դրա արժեքի անկմանը: Շիլլերը աշխարհահռչակ ամերիկացի տնտեսագետ է, տնտեսական տեսության հայտնի գրքերի հեղինակ, Յելի համալսարանի տնտեսագիտության Ստերլինգյան պրոֆեսոր և Յելի մենեջմենթի դպրոցին կից Յեյլի ֆինանսների միջազգային գիտահետազոտական կենտրոնի ​​գիտաշխատող: Ռոբերտ Շիլլերը հիմնել է ներդրումային կառավարման «MacroMarkets LLC» ընկերությունը և հանդիսանում է նրա գլխավոր տնտեսագետը: Այսինքն՝ շատ բանիմաց մարդ, համենայնդեպս ԱՄՆ տնտեսության հարցերում: Ավելին, կանխատեսել է տների և բնակարանների գների կտրուկ անկում: Մի՞թե դա լավ չէ ԱՄՆ բնակչության համար:

Բայց, ինչպես պարզվեց, պարոն Շիլլերը ինչ-որ բան թերագնահատել է: Օրինակ՝ այն փաստը, որ այս երկրում որոշակի շրջանակներ ոչ տնտեսության, ոչ էլ դրա կանխատեսումների կարիք չունեն: Դեռ հուլիսի վերջին պրոֆեսոր Շիլլերին դեմ է արտահայտվել… ազդեցիկ և Սպիտակ տան պաշտոնական համարվող «The Washington Post» թերթը: ԱՄՆ-ը կանգնած է վարձակալների հարկադիր վտարման ռիսկի առաջ: Երկրում կորոնավիրուսային համաճարակի պատճառով շատ վարձակալներ բախվել են ֆինանսական լուրջ դժվարությունների և փողոցում հայտնվելու վտանգին: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ վարձակալված բնակարաններում ապրող ընտանիքների 60% -ը վերջին ամիսներին ունեցել է աշխատանքի կորուստ կամ եկամտի լուրջ անկում: Իրենց տունն ունեցողների թվում այս ցուցանիշը կազմում է 45%: Stout Risius Ross խորհրդատվական ընկերությունը նախազգուշացնում է, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերը գրեթե 12 միլիոն ամերիկացի վարձակալներ կարող են կորցնել իրենց «տանիքները»: Իսկ երկրում ներդրված բնակիչների վտարման մորատորիումը ավարտվել է հուլիսի 24-ին: Բացի դրանից շատերը դադարել են ստանալ «կորոնավիրուսային» գործազրկության նպաստները:

«Ներկայիս ճգնաժամը կարող է խորացնել բնակարանային անհավասարությունը: Հիպոտեկային վարկի ցածր գները թույլ են տալիս տան սեփականատերերին կամ նրանց, ովքեր այս պահին կարող են տուն գնել, ամսական 100-300 դոլար խնայել պարտադիր վճարումների վրա: «Դրսերում» մնացել են այն մարդիկ, ովքեր վարձակալում են բնակարաններ և գործազուրկները, որոնց համար փակ է հիպոտեկային շուկայի մուտքը»,- պարբերականին հայտարարել է Ջեֆ Թաքերը՝ Zillow անշարժ գույքի պորտալի տնտեսագետը: 2020-ի ամառն ԱՄՆ-ում տուն գնելու լավագույն ժամանակն է և վատթարագույնը նրանց համար, որոնք վարձակալում են այն, նշում են փորձագետները: «The Washington Post» թերթի կողմից հարցված փորձագետների կարծիքը հաշվի չի առնում այն, ինչ բարձրաձայնել են հենց իրենք՝ փորձագետները. վերջին ամիսներին բնակչության գրեթե բոլոր շերտերը, բացի ամենահարուստներից, աշխատատեղերի կորուստ կամ եկամտի լուրջ անկում են ունեցել: Եվ այս փորձագետները համեստորեն լռում են այն մասին, որ ԱՄՆ-ում «սեփական տուն ունեցող» են համարվում նաև նրանք, որոնք իրենց տունը ձեռք են բերել հիպոտեկային վարկի միջոցով, այսինքն՝ չեն վճարել իրենց տան կամ նույնիսկ բնակարանի ամբողջ գինը: Եվ քանի որ փորձագետներն իրենք են «The Washington Post»-ին խոստովանել, որ այդպիսի ամերիկացիների 45%-ը «վերջին ամիսներին աշխատանքի կորուստ կամ եկամտի լուրջ անկում է ունեցել», իրականում, նախագահական ընտրություններին ընդառաջ (2020-ի նոյեմբեր), փողոցում կհայտնվի ավելի քան 12 միլիոն մարդ: Բայց Ամերիկայում սովոր չեն հաշվի նստել հարյուրավոր միլիոնների ճակատագրի հետ. այնպես որ, 12 կամ նույնիսկ 24, կամ 60-70 միլիոն նոր անօթևաններ չեն հուզելու ոչ Սպիտակ տանը, ոչ միլիարդատեր օլիգարխներին, ոչ այս երկրի բանկերի կառավարիչներին: Խաղադրույքը բարձր է. նախագահական ընտրություններից առաջ էժան գնով գնել ԱՄՆ ընտրողների ձայները: Իսկ հիմա մեր հարցը ՀՀ քաղաքացիներին. և դուք է՞լ եք ուզում այսպես ապրել: Եվ դուք ուզո՞ւմ եք, որ ձեր գլխավերևում տանիք ունենալ կամ չունենալու հարցը շահարկի փողոցների և հրապարակների ինչ-որ հերթական կուռքը:

Սերգեյ Շաքարյանց