Ամենահարուստ երկրները հերթի են կանգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերության հետազոտությունը:

Այսպես, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել Sanofi-ի և GlaxoSmithKline Plc-ի հետ, Ճապոնիան՝ Pfizer-ի հետ: Եվրամիությունը նույնպես «մարտականորեն է տրամադրված» գնման հարցում, նշում է գործակալությունը, սակայն չի ճշտվում, թե ում հետ են եվրոպական երկրները պայմանագիր կնքել: Այսպիսով, չնայած նոր տիպի վիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ չի ապացուցվել, դրանք զգալի թվով արդեն պահեստավորվել են հարուստ երկրների կողմից և, ամենայն հավանականությամբ, գործարքների թիվը միայն աճելու է: Վերլուծաբանները նշում են, որ 7,8 մլրդ մարդու համար չափաբաժինը կարող է չբավարարել, և աղքատ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»:

Նման իրավիճակ եղել է 2009 թվականին, երբ հարուստ երկրները մենաշնորհել էին խոզագրիպի դեմ պատվաստանյութի մատակարարումները:

Անհայտ թոքաբորբի բռնկուման մասին Չինաստանը ԱՀԿ-ին հաղորդել է անցած տարվա դեկտեմբերի վերջին: Ինչպես պարզվել է, հիվանդության հարուցիչը դարձել է նոր տիպի կորոնավիրուսը, որն առաջինը գրանցվել է չինական Ուհան քաղաքում: Ավելի ուշ հիվանդությունն ստացել է COVID-19 պաշտոնական անվանումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է գլոբալ համավարակ: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն 18 258 հազարից ավելի դեպք, մահացել է 693 395 մարդ: Ընդամենն առողջացել է 10 642 251 ախտահարված: