ԱՄՆ ստեղծում է հակաչինական ագրեսիվ դաշինք

2020 թվականը մեզ ստիպել է հաճախակի անդրադառնալ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առճակատման թեմային: Այժմ ևս մենք ստիպված ենք հայ հասարակությանը հիշեցնել, որ չնայած սահմաններում առկա տագնապալի իրավիճակին, բացասական սցենար է նախապատրաստվում ամբողջ մոլորակի համար նաև չին-ամերիկյան հարաբերություններում: Հերթական ազդանշանը հնչել է, երբ Պեկինը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարությանը` «չին-ամերիկյան համագործակցության փլուզման» վերաբերյալ: Պոմպեոն «Կոմունիստական ​​Չինաստանը և ազատ աշխարհի ապագան» թեմայով իր ելույթում հայտարարել է, որ «Չինաստանի հետ ԱՄՆ անխոհեմ փոխգործակցության հին համակարգը ձախողվել է»: Իր ելույթում հնչել է նաև, որ «Չինաստանը վարում է ավելի ու ավելի ավտորիտար ներքին քաղաքականություն և ավելի ու ավելի թշնամություն է ցուցաբերում իր սահմաններից դուրս ազատության նկատմամբ»: Պետդեպարտամենտի ղեկավարը նաև նշել է, որ ՉԺՀ իշխանությունների գործողությունները սպառնում են «աշխարհի ազատ երկրների բնակիչների» անվտանգությանն ու բարգավաճմանը, ինչի կապակցությամբ այդ պետությունները պետք է «օգտագործեն հնարամիտ և վճռական մեթոդներ՝ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության վարքագծում փոփոխությունների հասնելու համար»:

Ի՞նչ է կատարվում: Մի շարք եվրոպական և ռուսաստանյան լրատվամիջոցներ նկարագրել են իրավիճակը հետևյալ կերպ. չին-ամերիկյան հարաբերությունները դարձել են ԱՄՆ-ում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակի և Ամերիկայում գալիք նախագահական ընտրությունների զոհը: Կյանքը ցույց կտա՝ դա այդպե՞ է, թե ոչ: Իսկ մինչ այդ, հուլիսի 29-ին ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ նման հայտարարությունները պետք է համարվեն փաստերի խեղաթյուրում: «Վերջերս Պոմպեոն և ամերիկացի այլ քաղաքական գործիչներ մտորում են «չին-ամերիկյան շփումների ձախողումների մասին»: Ես կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները պետք է համարվեն որպես անհարգալի վերաբերմունք պատմության հանդեպ և փաստերի խեղաթյուրում: Չինաստանը և Միացյալ Նահանգները համատեղ իրականացրել են բազմաթիվ խոշոր նախագծեր, որոնք դրական դեր են խաղացել գլոբալ մասշտաբով»,- նշել է Վենբինը: Նա շեշտել է, որ «չնայած հասարակական համակարգերի տարբերություններին՝ Չինաստանը և ԱՄՆ-ը ի վիճակի են արդյունավետորեն փոխազդել միմյանց հետ՝ պահպանելով խաղաղ հարաբերություններ»:

Կոնկրետ այս անգամ Պոմպեոյի հակաչինական հռետորաբանության պատճառն այն էր, որ Պեկինը արագորեն խափանել է տարատեսակ «հիմնադրամների» և «ազատ աշխարհի այլ կազմակերպությունների» փորձերը՝ գրոհելու Հոնկոնգը (Սյանգան) և «հեղափոխություն ստեղծելու Չինաստանի առանձին վերցրած քաղաքում»: Իսկ հետևանքներն արդեն տեսանելի են: ԱՄՆ-ի ճնշման տակ Հնդկաստանը տանկեր է մղում դեպի Չինաստանի սահմանները: Իսկ հետո, ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը (AFP), հուլիսի 28-ին Վաշինգտոնում Ավստրալիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները վճռական աջակցություն են հայտնել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի ավելի կոշտ դիրքորոշմանը: «Միացյալ Նահանգները տեղյակ է այն սպառնալիքներին, որոնց բախվում եք դուք և մնացած ազատ աշխարհը: Միացյալ Նահանգները ձեր կողքին է մեր անխախտ դաշինքում», – հայտարարել է Պոմպեոն Ավստրալիայի նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը ողջունել է հինգ ավստրալական նավերի մասնակցությունը ամերիկյան ավիակրի գրոհային խմբավորման և ճապոնական ականակրի հետ համատեղ զորավարժություններին Ֆիլիպինյան ծովում մոտ երկու շաբաթ առաջ: «Այս վարժությունները ոչ միայն բարձրացնում են օպերատիվ փոխգործունակությունը, այլև հստակ ազդանշան են ուղարկում Պեկին, որ մենք թռչելու, նավարկելու և գործելու ենք այնտեղ, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս, ու պաշտպանելու ենք մեր դաշնակիցների և գործընկերների իրավունքը՝ նույնը կատարելու համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Չնայած Ավստրալիայի կախվածությանը Չինաստանի հետ առևտրից, «կանաչ մայրցամաքի» աջակողմյան կառավարությունը՝ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ սատարել է Միացյալ Նահանգներին՝ ՉԺՀ-ի հետ աճող դիմակայության հարցում: Իսկ Ավստրալիայի նախորդ կառավարությունը կտրականապես բացասական էր վերաբերվում Չինաստանի դեմ ամերիկացիների ծրագրերին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կանխատեսումներ չենք անելու: Բայց հիշեցնենք, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների շահերն այժմ բախվում են Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ԱՊՀ երկրներում, Աֆղանստանում, Վենեսուելայում, Աֆրիկայում…

Սերգեյ Շաքարյանց