Երբ մի օր փորձեն արհեստական բանականությամբ բացահայտել խազերի գաղտնիքը, սֆինքսը գուցե խոսի…

Հայաստանում հայ հոգևոր կամ հայ միջնադարյան երաժշտության, Մատենադարանի երաժշտական միջնադարյան ձեռագրերի ուսումնասիրությունն այսօր ցանկալի ու նույնիսկ բավարար մակարդակի վրա չէ: Հիմնական պատճառը մասնագետների սակավությունն է, նրանց թիվը երևի մեկուկես տասնյակի էլ չհասնի: Ունենք հատկապես երիտասարդ մասնագետների խնդիր, չէ՞ որ, ի վերջո, գալու է ժամանակ, երբ ավագ սերնդին փոխարինելու անհրաժեշտությունն է առաջանալու:

Վերոնշյալի առումով իրավիճակը Սփյուռքում էլ մխիթարական չէ: Նշված ոլորտն արևմտյան հայագիտության մեջ էլ թերզարգացած է: Հիմնականում այստեղից գնացած երաժիշտներն այս կամ այն կոնյուկտուրային խնդիրներին հարմարվելու նպատակով, երբեմն թեմաներ են վերցնում ու փորձում դրանք իրացնել: Սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ մնում են որպես ծրագրային նպատակ և լուծումներ չեն ստանում: Օրինակ, Ֆրանսիայում հիմնականում սիրված թեմա է հայկական պատարագի և եվրոպական կամ լատինական մեսսայի համեմատությունը, սակայն, որքան մեզ հայտնի է, վերջնական արդյունք դեռ չկա:

Հայ միջնադարյան երաժշտական ձեռագրերի ուսումնասիրությունը խթանելու համար նախ պետք է հիմնել համապատասխան կրթական համակարգ, որովհետև կոնսերվատորիայում այսօր միայն մեկ առարկայի գոյությամբ խնդիրը չի կարող լուծվել: Միջնադարագիտությունն ընդհանրապես բաղադրյալ ու բարդ գիտություն է, սոսկ երաժշտական կրթություն ստացած մարդը չի կարող լուծել տվյալ ոլորտի առաջադրած բոլոր հիմնախնդիրները: Պետք է և՛ լեզուներ իմանալ, և՛ կարողանալ կողմնորոշվել ծիսագիտության, կանոնագիտության, լեզվաբանության, պատմության, դավանաբանության ու հարակից այլ ոլորտների առաջադրած խնդիրների մեջ: Մինչդեռ մեզանում դեռևս ձևավորված չէ այդպիսի համակողմանի կրթական համակարգ:: Նշված կրթական համակարգի ձևավորումը կլիներ շատ լուրջ խթան` ապագայում միջնադարյան ամբողջ հսկայածավալ ժառանգությունը հիմնովին ուսումնասիրելու համար:

Առաջիկա տարիներին հայ միջնադարյան երաժշտության ուսումնասիրողների առջև կանգնած կարևոր խնդիրներից մեկը առեղծվածային խազերի բացահայտման խնդիրն է: Հայ միջնադարյան մշակույթի ուսումնասիրման ընդհանուր խնդիրներից բացի, նշված ոլորտն ունի նաև մասնավոր, առանձնահատուկ հիմնախնդիր, և դա, առաջին հերթին, խազերի խնդիրն է, որը մինչև այսօր լուծված չէ կամ լուծված է խիստ մասնակի, բաղադրիչներով:

Պահպանվել են շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երեանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք պարունակում են հայ միաձայն երաժշտության դեռևս 5-րդ դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խազագրումներ։

Թերևս բավական է ասել, որ Մատենադարանում գտնվող մեր միջնադարյան երաժշտական ձեռագրերի փոքր մասն է ուսումնասիրված երաժշտական տեսանկյունից, և դա այն պարզ պատճառով, որ խազերն առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք։ Ձեռագրագիտական, մատենագիտական, բանասիրության, ծիսագիտական և այլ տեսանկյուններից խազերը մասնակի ուսումնասիրված և ուսումնասիրվում են: 16-18-րդ դարերի ընթացքում խազերը կարդալը հետզհետե մոռացվել է, թեև երգերը շարունակել են արտագրել, 17-րդ դարից նաև տպագրել: 19-րդ դարի սկզբում խազերն իրենց տեղը զիջել են նոր-հայկական ձայնագրությանը։

Հայ երաժիշտ-միջնադարագետների մեծ պարտքը խազերի հիմնախնդրի լուծումն է: Բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականությամբ գերհամակարգիչների օգտագործումը հավանաբար կօգնի բացահայտելու հայկական խազերի գաղտնիքը, սակայն այդպիսի մեթոդ դեռ մշակված չէ:

Խիստ սակավաթիվ ու գիտակ մարդկանց վաղուց է հետաքրքրում այն հարցը, թե խազերը կարո՞ղ են այնպիսի գաղտնիք բացահայտել, որը մեծ կարևորություն կունենա և սխալ կլինի այդ գաղտնիքն օտարին տալը: Եթե նկատի ունենանք, որ խազերը մաս են կազմել միջնադարյան գիտելիքի ընդհանուր համակարգի, իսկ միջնադարյան գիտելիքը, ընդհանրապես, տիեզերական գիտելիքի ամբողջական համակարգ էր ներկայացնում, այլ կերպ ասած, երաժշտական գիտելիքը կապակցված էր բժշկական գիտելիքի հետ, բժշկական գիտելիքը` գաղտնագիտական (էզոթերիկ) համակարգին և այլն, ապա այս ամբողջի տեսանկյունից, անշուշտ, կարելի է ենթադրել, որ խազերը կարող են կապակցված լինել միջնադարի համար գերգաղտնի ինչ-որ գիտելիքային համակարգերի: Խազերն առնչվել են էզոթերիկային: Եվ երբ մի օր փորձեն արհեստական բանականությամբ բացահայտել խազերի գաղտնիքը, ամբողջությամբ կարդալ դրանք ու հասկանալ, սֆինքսը գուցե խոսի…

Կասկածից վեր է, որ խազերի ամբողջական, լիակատար վերծանումը շատ մեծ խթան կհանդիսանա և հնարավորություն կընձեռի հայ հոգևոր երաժշտության և, առհասարակ, հայ երաժշտության հետագա զարգացման համար:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան