Ադրբեջանի հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին, այն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի․ Զոհրաբ Մնացականյան

Ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը`անդրադառնալով Ադրբեջանի հռետորաբանությանը։

«Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական: Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած»: