Մայրաքաղաքի զբոսայգիներում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակներ թերի կրելու դեպքեր. ԲԸՏՄ

Պարետատան սահմանած անվտանգության նորմերի պահպանումը վերահսկելու նպատակով այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ հերթական խստացված ստուգայցն իրականացրել են մայրաքաղաքի զբոսայգիներում: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիները։ Լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրվել են առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու, թերի դիմակներ կրելու դեպքեր։

Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շրջայցերը զուգորդել են համաճարակի կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներով, տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ, հիշեցրել դրանք պարբերաբար փոխելու մասին, հորդորել հետամուտ լինել ՀՀ պարետի ցուցումներին։

ԲԸՏՄ-ի կողմից ուժեղացված վերահսկողական գործընթացն իրականացվում է ամեն օր ՀՀ ողջ տարածքում։