Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 267 հոդված։ Որոնցից 32-ը՝ բացասական, 19-ը՝ դրական, 216-ը չեզոք են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, անդրադառնալով հայ ադրբեջանական սահմանային լարվածությանը, նշել է, որ բոլորը, բացի Փաշինյանից, հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումներն են քննարկում․ Ադրբեջանի ագրեսիայից տասն օր է անցել, իսկ Փաշինյանը միայն Բելառուսի նախագահի հետ է շփվել։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սահմանին հրետակոծությանը զուգահեռ՝ Ադրբեջանն անցավ քաղաքական հարձակման, մինչդեռ հայկական կողմը լուռ էր. «Ընթանում էր հրետանային պատերազմ, իսկ Հայաստանում վարչապետ, ՊՆ նախարար ու ԱԳ նախարար չկա: Միայն գիշերը մամուլում հայտնվեց մեր ԱԳ նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հակառակորդի կողմից եղել է սադրանք, մինչդեռ Ադրբեջանն իր բոլոր լծակներով հայտարարել էր միջազգային կառույցներին, որ մենք ենք առաջինը հարձակվել»:

ՀՀ Աժ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. «2018թ. ապրիլ-մայիսյան իշխանափոխությունը, որը ՀՀ վարչապետի աթոռին նստեցրեց իր խոսքով՝ իզմեր չունեցող մեկին, ի սկզբանե մերժեց և նսեմացրեց ազգային ավանդական ինստիտուտները և գերնպատակ սահմանեց հպարտ և երջանիկ քաղաքացու կերտումը։ Ըստ այդմ՝ իշխանությունը հռչակեց, թե ՀՀ հպարտ քաղաքացին նորովի է գիտակցում ինքն իրեն և իր սահմանները պետության և հայրենիքի նկատմամբ»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նույնպես խոսել է Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին. «Նիկոլ Փաշինյանը կարողանում է ամենավատ հանգամանքներից իր համար օգտակար հետևություններ անել։ Իր «ժողովրդավարական» կշռի անտեսումը միջազգային հարթակներում և դրա փոխարեն աշխարհաքաղաքական հաշվարկների առաջին պլան բերելը կարևոր դաս եղան Նիկոլ Փաշինյանի համար։ Նա հասկացավ, որ իրեն հնարավորություն է տրված ներքաղաքական հարցերում գնալ ոչ ժողովրդավարական լուծումների։ Այդ պատճառով էլ նա սկսեց իր անձնական իշխանության ամրացումը ժողովրդավարական, սահմանադրական և պետական ինստիտուտների ավերման միջոցով»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը փորձել է հակադարձել քաղաքական քննադատություններին և նշել է. «Հիմա էլ մեղադրում են բարձունք գրավելու մեջ: Այսպիսի տեսակետ են շրջանառում, թե Նիկոլն ասում էր՝ արցախյան հարցով ինչ լուծում էլ լինի, երեք կողմերի համար պետք է ընդունելի լինի, իսկ Ադրբեջանի համար բարձունք հանձնելը ընդունելի չէ, այդ ինչպե՞ս եղավ: Այսինքն՝ սրանք քաղաքականությունը շատ պրիմիտիվ են հասկանում, իսկ իրականում դիվանագետին լեզուն տված է մտքերը թաքցնելու համար»:

Aravot.am-ում հրապարակվել է 81 հոդված: Բացասական` 15, դրական` 7, չեզոք` 59։

Կայքում տեղ է գտել Էդուարդ Շարմազանովի հոդվածը։ Արմեն Աշոտյանի քննադատական հոդվածը նույնպես տեղ է գտել լրատվականում, որտեղ նախկին պատգամավորը, անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացին նշել է. «2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։ Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետև Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել ևս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։ Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիևից, այլ Սարգսյանից։ Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները»։

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը նույնպես անդրադառնալով վերջին էսկալացիային ասել է. «Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան»:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի այն շահարկումներին, թե Հայաստանը կարող է հարված հասցնել նավթագազային համակարգերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա նոր քարոզչական թեզ է՝ ուղղված արտաքին լսարանին: ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն»:

Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) այս տարի հունիսին իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն և նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հարցվածների 72%-ը պատասխանել է՝ շատ դրական, որոշ չափով դրական՝ 12%, որոշ չափով բացասական՝ 4%, շատ բացասական՝ 6%, չեմ լսել նրա մասին՝ 5%:

Armtimes.com-ում հրապարակվել է 69 հոդված: Բացասական` 0, դրական` 5, չեզոք` 64։

Կայքում տեղ է գտել Արծրուն Հովհաննիսյանի դիտարկումը, և դրական հոդվածները հիմնականում կապված են հայ ադրբեջանական սահմանային լարվածության ընթացքում Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ։

1in.am-ում հրապարակվել է 67 հոդված: Բացասական` 6, դրական` 2, չեզոք` 59։

Կայքում տեղ է գտել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ ասված է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն այս տարվա հուլիսի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ֆինանսների նախարարության: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում էր կայացրել և, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանին ազատել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Եվ, ահա, վերջինս դատական հայցով պահանջում է, որ դատարանը պարտադրի վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարությանն այդ որոշումն անվավեր ճանաչել, իրեն նախկին պաշտոնին վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանին»:

Realist Arabic-ի գլխավոր խմբագիր, եգիպտացի քաղաքագետ Ամր Էլդիիբը հարցազրույց է տվել ու խոսել Անդրկովկասում կատարվող իրադարձություններում Արաբական Արևելքի երկրների շահերի մասին, հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված ագրեսիայի ֆոնին, որը շարունակվում է հուլիսի 12-ից՝ գրում է realtribune.ru-ն և ասել է. «Մերձավոր Արևելքում շատ լավ են հասկանում Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում հայկական բանակի դերը։ Տարածաշրջանի շատ երկրներ կարծես հետաքրքրված են Երևանի հետ համագործակցությամբ։ Ներկա պահին այդ շահագրգռվածությունը նաև թելադրված է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայի շրջանում Թուրքիայի գործողություններով»:

Tert.am-ում հրապարակվել է 30 հոդված: Բացասական` 15, դրական` 0, չեզոք` 15։

Կայքում տեղ են գտել Աղասի Ենոքյանի, Հրանտ Մելիք Շահնազարյանի, Դավիթ Շահնազարյանի հոդվածները։

Կայքում տեղ է գտել Սամվել Ֆարմանյանի քննադատությունը` ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ ամաչում է Նիկոլ Փաշինյանի հարցադրումից, որտեղ վերջինս նշել էր, որ գուցե ադրբեջանցի զինվորները մոլորվե՞լ են։

Azatutyun.am-ում հրապարակվել է 20 հոդված: Բացասական` 0, դրական` 1, չեզոք` 19։

Որպես դրական հոդված` դիտարկվել է Արծրուն Հովհաննիսյանի խոսքը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։