«Ա վ աստալնոմ, պրեկրասնայա մարկիզա, վսյո խարաշո` վսյո խարաշո»

Խաղը փոխվում է. ո՞ւմ ձեռամբ

Սկսենք Քոչարյանի հարցազրույցից, որովհետև առանցքային այլ բան ընդդիմությունն այսօր չի անում: Եվ սա այն դեպքն է, որ վերջինս առժամանակյա մորատորիում պետք է վերցնի, իր ապուշության կամ գուցեև` վերջին շրջանում հետաքրքիր կասկադային քայլեր անող իշխանությանը թողնելով իր արածների հետ միայնակ, որովհետև կարծես` տավուշյան դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանն առանձնապես լավ չի հասկանում` իր քո՞ւնն է տանում, թե` սոված է: Գնում է արձակուրդ` տարածաշրջանի ու Հայաստանի համար գերկարևորագույն զարգացումների այս օրերին, ափալ-թափալ վերադառնում, ճառ արտասանում Քոչարյանի հարցազրույցի օրը, որպեսզի ամբոխը չմոռանա իր պես Հերոստրատին, ներքինի Արայիկ Հարությունյանի ձեռամբ շարունակում այրել հայոց տաճարները, դպրոցները, քաղաքական հետապնդումների դպրոցը կատարելագործելով` բոլոր ընդդիմախոսներին ԱԱԾ-ՀՔԾ քարշ տալիս. օրակարգն ու օրը լցնելով իր քաոտիզմով, որովհետև դրսի հայրերից ունի միակ և անբեկանելի պատգամ` թույլատրելի է՝ լինել խեղկատակ, կամ` ստրուկ. իրավիճակը պետք է անվերջ վերածել խուլ քաոտիզմի՝ որպես վերահսկողության միակ բանալի, որպեսզի այլ մեկն օրակարգ չձևավորի:

Ձևավորե՞ց Ռ. Քոչարյանը օրակարգ, մանավանդ այն օրը, երբ Թուրքիան հատել էր Նախիջևանի սահմանը` կանգնելով շատ կիպ` հայոց սահմանին. տագնապ էր ոչ միայն մեզ համար. տարածաշրջանում` Հայաստան-Հունաստան-Ռուսաստան-Իրան օսով, այլև` խաղը փոխվող ԱՄՆ-ի համար… ոչ զորավարժությունների, այլ` սպասվող զարգացումների առնչությամբ:

Ձգենք պաուզան ԱՄՆ-ի մասով, որովհետև անչափ հետաքրքիր պասաժ է իրականացվում այնտեղ` գլոբալիստների ձեռամբ, ինչն էլ իր արտածումները կունենա փոխվող խաղի ու շախմատային տախտակի ողջ լանդշաֆտի վրա:

Ասել, թե Թրամփը ամերիկյան համակարգային քաղաքականությունից դուրս խաղացող է` յուր փեսա Քուշներով, և այլ նպատակներ է հետապնդում, քան սորոսա-գեյթսա-քլինթոնյան «դեմոկրատիան», խոր միամտություն կլինի, որովհետև ավանդորեն ԱՄՆ-ում դեմոկրատները մաքրում են հանրապետականների համաշխարհային կեղտերը, հանրապետականները` դեմոկրատների ու «ժողովրդավարության» իբրթեական պայքարի մոտիվներով` աշխարհը նոր տիրապետման տանում:

Կազուսը հետևյալն է, այնուհանդերձ, գլոբալիստներին չհաջողվեց շատ սահուն, թավշյա-ոչ թավշյա ցույցերի, մայդանների միջոցով Թրամփի վարկանիշը իջեցնել, Բայդենին դարձնել անառարկելի լիդեր, Թրամփը կարողացավ աթոռի «պատիվը» պահել, այնուհանդերձ, նախորդ օրվա թրամփյան թվիթը` հետաձգել ամերիկյան ընտրությունները և չգնալ էլեկտրոնային քվեարկության, տագնապի ուրույն ազդանշան էր` Սպիտակ տան համար. այնտեղ անհագիստ են` Թրամփի ապագայի հետ կապված. բայդենյան գիլդիան կարծես նյու-պլան է մշակել, ինչը փորձում է կանխել թրամփյան թիմը /հիշենք, որ Բայդեն-Թրամփ տանդեմում Ռուսաստանի համար նախընտրելին Թրամփն է, ինչը ոչ երկրորդական նշանակության խնդիր է/:

Պաուզան կիսատ թողնենք, քանի դեռ խաղն անորոշ է այնտեղ: Անորոշ է նույնքան, թե ինչ պայմանավորվածություններիի կհանգեն զգուշավոր խաղացող Ռուսաստանն ու անկանխատեսելի, խելահեղության տրված Թուրքիան, որը պատերազմական չորրորդ ուղղությանը` Հունաստանին, փորձում է գումարել նաև հայաստանյան ուղղությունը` մեր տարածշաշրջանում: Արձանագրենք լոկ` Հայաստանն իր ռազմական ուժերը թիվ մեկ պատրաստության է բերել, ինչը բավականին լուրջ ցուցիչ է:

Ու հենց այդ ֆոնին ասուլիս է տալիս Ռոբերտ Քոչարյանը, որտեղ կոդային շատ քիչ բան կար` լուրջ օրակարգ ձևավորելու համար: Մի կողմից դատական գործընթացով անցնող երկրորդ նախագահն ակնհայտորեն չէր ցանկանում սրել ծայրերը, մյուս կողմից` արտաքաղաքական իրավիճակը ցցուն լինելու հնարավորոթյուն չի տալիս, երրորդ կողմից` ընդդիմությունը դեռ չի առարկայացել-բրգացել, չորրորդ կողմից` պետք է տեսնել` զարգացումները դեպ ուր են տանում: Նաև արդար լինենք. որոշակի դրական փոփոխություններ, իշխանության` արցախյան-թուրքական մոտեցումներում նկատվում են, պետք է հասկանալ, որքանով են դրանք անկեղծ կամ ժամանակավոր, այնուհանդերձ, այդ փոփոխությունները մատնանշեց նաև Ռ. Քոչարյանը:

Բայց և հասկացնելով. «կոնսենսուս մինուս մեկ» սեղանին կան բոլոր տարբերակները` զարգացումների, չենք աղմկում, սակայն Հոլիվուդի ու Սորոսի դեմ դուրս են եկել այնպիսի երկրներ, որոնք ոչ միայն աշխարհում, այլև տարածշրջանում իրական խաղացողներ են` Չինաստան, Ռուսաստան /Իրան, Հունաստան, Սիրիա, Լիբիա…/ մենք էլ կգնանք դրան:

Սեղանին եղած` փողոցով կրկին իշխանափոխության հասնելու Քոչարյանի անչափ նուրբ ակնարկին Փաշինյանը պատասխանեց նոն-ստոպ. արտակարգ դրությունը կշարունակվի` հույս չունենաք:

Նկատենք, Քոչարյանը ասաց` Մայդան:

Ասել է`չես վախեցնելու քո ռեպրեսիաներով, արտակարգ դրությամբ. եթե անհրաժեշտություն առաջացավ, պայքարը կընթանա. Մայդանում, ինչպես` Մայդանում:

Սպասենք: Ինչ կլինի մինչ այդ. Թուրքիան` ազիկներով կհոխորտա սահմանին, կդրսևորի իր խելապատառ մարդակերությունը` վիրտուալ, հետ կքաշվի: Գլոբալ մնացյալ խաղացողները շունչները պահած կսպասեն`զարգացումների հետագա վեկտորալ արտածումներին:

Եվ չնայած տավուշյան դիրքերում քիթ-մռթին կերած Նիկոլի կիրթ Ալիևը բարբաջում է, թե բանակցային թուղթը ճղել, նետել է աղբամանը. հնգակողմ հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, հակամարտող երկրների ԱԳ նախարարներ, սեպտեմբերին տեղի կունենա:

«Ա վ աստալնոմ, պրեկրասնյա մարիկզա, վսյո խարաշո` վսյո խարաշո»:

Կարմեն Դավթյան