Պատմության խեղաթյուրումը թուրքական ծագման ծրագրերի համատեքստում

ԿԳՍՄՆ-ի կողմից հանրությանը ներկայացված Հայոց պատմության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, ապա դրա քննադատությունները կարծես այն աղետալի վիճակի ամփոփումն են, որում հայտնվել է հայրենական գիտական պատմագրությունը  1991 թ. հետո: Անկախությունից ի վեր երկու կարևոր հանգամանք պատմության խեղաթյուրումը  օրակարգ դարձրեցին:

Նախ, տարբեր պատճառներով «հայերենասիրական», իսկ իրականում կեղծհայրենասիրական պատմագրությունը հաղթեց գիտական պատմագրության դպրոցին: Այս փուլում մի կողմ դրած համաշխարհային պատմագիտական կենտրոնների կարծիքը, ուսումնասիրությունները՝ հայրենական պատմաբանները ամեն ինչ ձեռնարկեցին արհեստականորեն հնացնելու ու ազգայնացնելու այն ամենը, ինչ կարելի էր. խոսվեց նույնիսկ եգիպտական բուրգերի հայկական հետքի, անգլիացիների ու իսպանացիների և այլնի հայկական ծագման, ամենատարբեր մեծությունների հայ լինելու մասին:

Այս փուլի կաևոր հանգամանքներից էր ձերբազատումն ամեն «օտար հոսանքներից», «տերմիններից», հայերիս անհաջողություններում մեղավորների փնտրտուքը «ազգային նկարագիր չունեցող» գործիչների և օտարամոլության շրջանակներում: Դժվար չէ նկատել, որ նման մոտեցմամբ առաջին հերթին 90-ական թթ. թիրախավորվում էր հայերի բնականոն ռուսական կողմնորոշումը: Հենց այս մոտեցման պայմաններում փորձեր եղան ու շարունակվում են սևացնելու Հայաստանի խորհրդային անցյալը:

Երկրորդ հանգամանքը ուղիղ հետևանքն էր առաջինի: Քանի որ Հայաստանի անկախ հանրապետությունում գիտության ոլորտը գտնվում է ողբալի վիճակում, ի հայտ եկավ գրանտներով սնվող պատմաբանների նոր սերունդ, որոնց առաջնահերթ խնդիրը դարձավ փող աշխատելը պատվեր կատարելով: Սակայն գրանտ տվողները ունեն իրենց նպատակները. նրանք առաջին հերթին մտահոգված են սերունդների այլասերմամբ, գլոբալիստական աշխարհակարգի ձևավորմամբ, ազգային, քրիստոնեական ցանկացած արժեքների անհետացմամբ: Պատահական չէ, որ գրանտակեր պատմաբանների մեջ մեծ թիվ են կազմում ամենատարբեր փոքրամասնությունների պաշտպանները՝ բառացիորեն հայտարարելով ավանդական արժեհամակարգից հրաժարվելու անհրաժեշտության մասին, հայագիտությունը համարելով հայկական գիտական մտքի զարգացման համար խոչընդոտ : Տարօրինակ կերպով այս թևը ևս շարունակում է պայքարը «ռուսական ազդեցության» նկատմամբ, քանզի ինչպես նշվեց, ռուսական կողմնորոշումը հայ մարդու համար բնական է, ուստի և ավանդական աշխարհընկալման մաս: Այսքանով ավարտվում են նշված երկու խմբերի ընդհանրությունները, ինչն ավելի ցայտուն երևաց նոր չափորոշիչների նախագծում ու դրա քննադատական ելույթներում: Այդ մասին՝ ստորև:

Պատմաբանների այդ նոր սերունդը ավելորդ է համարում ընտրություն կատարել գրանտների մեջ ու չի խորշում նույնիսկ ակտիվ կերպով համագործակցել թուրքական ծագման ծրագրերի համատեքստում: Խոսքն առաջին հերթին Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի մասին է: Հիշյալ խմբավորումը 2016 թ. մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրին (ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը)։ Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի ղեկավարն է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Լիլիթ Մկրտչյանը https://www.yerkir.am/news/view/209112.html: Նա էլ հենց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության առարկայական չափորոշիչների պատասխանատուն է: Ի դեպ, նշյալ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի անդամներ են նաև ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երկու այլ դասախոսներ՝ Դավիթ Թինոյանն ու Կարեն Գասպարյանը http://escs.am/files/files/2020-07-20/afce5d4beb46c33f7b8b67d8cf4db406.pdf :

Այս համատեքստում բավական հետաքրքիր է նույն ամբիոնի տարածած հայտարարությունը ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ առնչություն չունենալու մասին https://www.yerkir.am/news/view/208877.html%20 : Զուգադիպություն է, թե ոչ, բայց հատկանշական է, որ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը նշանակվեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ս. Սաֆարյանի կառույցի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ 2019 թ. դեկտեմբերի 12-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ միաժամանակ։

Վերադառնալով պատմության դասագրքերի չափորոշիչներին՝ ավելացնենք, որ ամբողջովին համամիտ ենք դրանց վերաբերյալ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի այն պնդմանը, թե ներկայացված նախագիծը ենթական չէ շտկման, այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ   https://www.pastinfo.am/hy/news/2020/07/24/ԵՊՀՀայոցպատմությանամբիոնիկարծիքըՀՀհանրակրթականդպրոցիՀայոցպատմություն»-առարկայիուսումնառությաննորհայեցակարգիևչափորոշիչներիմասին/1031599  ։ 

Նույն հայտարարության մեջ արտահայտվում է մտահոգություն «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին․ Կովկասյան ճակատը և հայ կամավորական շարժումը» թեման շրջանցելու վերաբերյալ, ինչը մեր կարծիքով կարող է պայմանավորված լինել նախագիծը մշակողների թուրքական հաշտեցման ծրագրերին նաև հետագայում մասնակցելու ակնկալիքով: Սակայն ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում անհասկանալի պատճառներով մտահոգություն չի առաջացնում որպես վերջնարդյունք նախագծի 51-րդ էջում զետեղված հետևյալ ձևակերպումը. «Ներկայացնի և քննարկի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների արդյունքները և դրանք եզրափակող պայմանագրերը, … Ռուսաստանի նպատակներն ու հայ ժողովրդի հուսախաբության պատճառները, համեմատի ցարական և սուլթանական կառավարությունների գաղութային հակահայ քաղաքականության հետևանքները, անի եզրահանգումներ»: Այսինքն, նախագծի հեղինակները փորձում են հավասարության նշան դնել ցարական ու սուլթանական քաղաքականության միջև, աշակերտների ուղեղը մտցնել ցարական կառավարության ինչ-որ երևութական հակահայ քայլեր, այնինչ կասկած անգամ չի կարող հարուցել Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալու դրական նշանակությունը հայության համար: Բավական է ասել, որ հայերը սեփական բնօրրանում փոքրամասնություն էին մինչև Ռուսաստանին միանալը և միայն ռուսական տիրապետության ներքո դարձան մեծամասնություն սեփական հայրենիքում: Ավելին, կարծես առանձին քննարկման առակա չի դառնում հայերի մասնակցությունը ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին:

61-րդ էջում՝ «Հայ ժողովուրդը XIX դարի վերջին XX դարի սկզբին։ Հայերի ցեղասպանությունը» թեմայի վերջնարդյունքների մեջ կարդում ենք. «…կարծիք հայտնի Հայոց ցեղասպանության պատասխանատուների դատավարության, Նեմեսիս գործողության, Հայկական հարցի «լուծման» ռուսական ուղիների, ռուս-թուրքական մերձեցման վերաբերյալ»: Ի՞նչ մերձեցման մասին է խոսքը, մնում է անհայտ նաև թեմայի բովանդակության ցանկից:

Անտեսելով 1920 թ. ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականությունը՝ 1920-21 թթ. տարածքային կորուստները փորձ է արվում է ներկայացնել «Արցախի, Նախիջևանի, Ջավախքի տարածքները հարևան պետություններին զիջելու Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության քաղաքականությամբ, … Մոսկվայի և Կարսի հակահայ պայմանագրերով» (էջ 69): Նման բազմաթիվ խնդիրների արձանագրության փոխարեն, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարության մեջ հայտնվում է մտահոգություն «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» վերնագրի (էջ 71) մասով՝ առաջարկվելով դրա փոխարեն «Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին» եզրույթը: Սա այն դեպքում, երբ ԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կամ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի մոտ «Հայրենական մեծ պատերազմ» տերմինը որևէ բարդույթ կարծես չի առաջացնում:

Փաստորեն, ԿԳՍՄՆ նոր չափորոշիչներով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների շեշտադրման փոխարեն արհեստական խութեր են նախատեսվում այդ հարաբերությունների պատմությունում: Սա անկասկած նույնպես բխում է թուրքական աշխարհաքաղաքական ծրագրերից, ինչին ծառայության է լծվել երիտասարդ հայ պատմաբանների մի խմբակ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ: Ցավոք այդ գիծն անտեսվում է նաև նրանց քննադատների կողմից: