ԱՀԿ-ն երիտասարդությանը մեղադրել է մի շարք երկրներում COVID-19 իրավիճակի վատթարացման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  մի շարք երկրներում COVID-19 կորոնավիրուսային դեպքերի թվի աճը կապում է երիտասարդների կողմից նախազգուշական միջոցներ չձեռնարկելու հետ:

«Տվյալները հուշում են, որ որոշ երկրներում բռնկումները մասամբ պայմանավորված է նրանով, որ երիտասարդները թուլացնում են իրենց զգոնությունը ամռան ընթացքում մասնավորապես՝ հյուսիսային կիսագնդի երկրներում»,- հինգշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

Հուլիսի սկզբին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն, իր հերթին, նախազգուշացրեց Եվրոպայում երիտասարդների շրջանում կորոնավիրուսային դեպքերի ավելացման մասին:

Ըստ եվրոպական լրատվամիջոցների, մասնավորապես, Նիդեռլանդներում, երիտասարդների շրջանում COVID-19- ի դեպքերը սկսել են աճել վերջին շաբաթների ընթացքում: Բացի դրանից, Ֆրանսիայում և Իսպանիայում պաշտոնատար անձինք նախկինում երիտասարդներին մեղադրում էին կորոնավիրուսի նոր դեպքերի աճի համար, ովքեր ըստ նրանց՝  անտեսում են սոցիալական հեռավորության և դիմակ կրելու կանոնները:

Այս շաբաթ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ եվրոպական որոշ երկրներում արդեն սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:

Համաճարակի ընթացքում աշխարհում COVID-19- ով վարակվածների թիվը գերազանցել է 17 միլիոնը, նրանցից ավելի քան 670 հազարը մահացել է: