Վրաստանում ընթանում է հերթական բողոքի ակցիան «Սորոսի» հիմնադրամի դեմ

«Վրացական երթ – ազգային շարժում» քաղաքական ասոցիացիայի հերթական բողոքի ակցիան է անցկացվել Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով արգելել երկրում Բաց հասարակության հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի աշխատանքը:

Ըստ Առաջին ալիքի՝ ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոյի մոտակայքում, որից հետո նրանք երթով շարժվել են Սորոսի հիմնադրամի գրասենյակ:

Երթի ժամանակ ցուցարարները հայտարարել են, որ իրենց հիմնական պահանջը  Վրաստանում «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեությունն արգելելն է:

Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական երթ» ազգայնական շարժումը դարձել է քաղաքական կուսակցություն, և նրա ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը որպես իր նշանաբան է ընտրել Չավչավաձեի «երեք առաքինությունների» վերաբերյալ հայտարարությունը`իրենց նախնիների կողմից վրացիներին փոխանցված «լեզուն, հայրենիքը և հավատը»: