ԿԳՄՍ նախարարությունը, փաշինյանական իշխանությունն այսպիսով ընդամենը գեղցու պարզունակ խորամանկության են դիմել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վերջերս կառավարությանը տված ու կառավարության հրապարակած հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դուրս է գալիս դասավանդման շրջանակից և միանալու է «Հայոց պատմություն» առարկային, ինչպե՞ս է դա տեղի ունենալու, ասաց.

«Պետական չափորոշիչը, նախ, հայրենագիտություն բնագավառի շրջանակներում հստակ սահմանում է որպես նպատակներից մեկը Հայ Եկեղեցու դավանանքի ճանաչումն ու արժևորումը, այսինքն` սա հստակ է, որ պետական չափորոշիչը որևէ միտում չունի եկեղեցու մասին գիտելիքը և էդ արժեքային ուսուցումը հանել դպրոցից, ինչպես դա անել, սա մանկավարժական մոտեցումների խնդիր է, և ինչպես ես նշեցի, դպրոցները կունենան բավարար ազատություն դա որոշելու համար»:

Այն, որ պետական չափորոշիչը հայրենագիտություն բնագավառի շրջանակներում հստակ սահմանում է որպես նպատակներից մեկը Հայ եկեղեցու դավանանքի ճանաչումն ու արժևորումը, ընդամենը դեկլարատիվ, ավելի ճիշտ, ձևական բնույթի մի արձանագրում է միամիտներին խաբելու համար:

Եթե պետական չափորոշիչը իսկապես որևէ միտում չունի եկեղեցու մասին գիտելիքը և այդ արժեքային ուսուցումը հանել դպրոցից, ապա մի շատ պարզ հարց է առաջանում` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ինչո՞ւ է վտարվում մեր հանրակրթական դպրոցներից, այն ո՞ւմ է վնաս տվել կամ տալիս: Գուցե աղանդներին և աղանդավորների՞ն… Նրա՛նց, ովքեր այսօրվա իշխանության կազմում շատ ավելին են և ավելի մեծ դերակատարում ունեցող, իշխանական ավելի ազդեցիկ լծակների տիրապետող, քան նախկինում, և որոնք զայրանում և անհանդուրժելի են համարում, որ դպրոցներում իրենց երեխաներին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է դասավանդվում: Չէ՞ որ դրանից հետո իրենց երեխաները կարող է իրենց ճանապարհով չգնան: Նրանց մոտ կարող են ինչ-ինչ հարցեր առաջանան, ավելին` երեխաները կարող է տհաճ հարցեր տան իրենց աղանդավոր ծնողներին…

Պետական չափորոշիչի սահմանած նպատակը` Հայ եկեղեցու դավանանքի ճանաչում և արժևորում, գրեթե զրոյի կամ զրոյի արժեք ունի, եթե դպրոցում Հայ եկեղեցու դավանանքի ճանչումը և արժևորումն ապահովող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդման շրջանակից հանվում է, առարկայի բովանդակությունը գլխատվում, քառատվում, կրտվում է և ինչ-որ փշուրների, բեկորների, համառոտագրությունների ձևով ներառվում «Հայոց պատմություն» առարկայում: Ավելին. խնդիրը սոսկ Հայ եկեղեցու դավանանքի ճանաչումը և արժևորումը չէ, որն այս դեպքում, ինչպես արդեն հասկանալի է, չի ապահովվելու, այլ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճանչումը և արժևորումը, նրա պատմության բավարար իմացությունը:

ԿԳՄՍ նախարարությունը, փաշինյանական իշխանությունն այսպիսով ընդամենը գեղցու (սա մարդու տեսակ է, չշփոթել գյուղացու հետ) պարզունակ խորամանկության են դիմել, որպեսզի իրենց չկարողանան մեղադրել, թե դպրոցից Հայոց եկեղեցու պատմության դասավանդումն եք ուզում հանել: Ասում են` չէ, Հայոց եկեղեցու պատմության դասավանդումը չենք հանելու, դա «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում է լինելու, նախատեսել ենք ընդամենը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել: Այս թեմայով մեր հաջորդ հրապարակմամբ կհիմնավորենք, որ այն, ինչ նախատեսում են ներառել «Հայոց պատմություն» առարկայում, սոսկ չնչին մասն է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում եղածի, բացարձակապես համարժեք չէ նրան, ինչ մինչ ամառային արձակուրդները դասավանդվում էր մեր երեխաներին:

Այժմ միայն հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանվել են, խորամանկորեն թողնվել է, որ յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ ինքը որոշի տվյալ առարկաները բոլոր ֆակուլտետներում դասավանդելու հարցը: Դժվար չէ կռահել, թե ինչպես են վարվելու բուհերը, երբ նրանց միջև մրցակցության խնդիր առաջանա, թե իրենցից որն է ավելի բանիմաց, ասենք, ֆիզիկոս կամ քիմիկոս պատրաստում:

Արթուր Հովհաննիսյան