Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի. ԱԺ պատգամավոր

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Այս մասին հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը:

«Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանի տարածքում, որոնք կտևեն մինչև օգոստոսի 10-ը: