Ռուսաստանի և ԱՄՆ-ի գիտնականները կստորագրեն COVID-19-ին առնչվող համատեղ հետազոտությունների համաձայնագիր

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիան: «Պլանավորվում է զարգացնել ակադեմիաների միջև համագործակցության և երկխոսության նոր ձևերն այն բոլոր բնագավառներում, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, դրա բնույթին, բուժման մեթոդներին և կանխարգելմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվում է, կողմերը պլանավորում են զարգացնել գիտնականների համագործակցությունը համաճարակաբանության, վիրուսաբանության, COVID-19-ի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների, նոր վարակի պաթոֆիզիոլոգիայի ուսումնասիրման ոլորտում, համավարակի տարածման մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական և հոգեբանական հետևանքների, գլոբալ անվտանգության և կենսաբանական սպառնալիքներին հակազդելու գործում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից արձանագրությունը կստորագրի ՌԳԱ-ի նախագահ Ալեքսանդր Սերգեևը, ամերիկյանից՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Մարշա ՄաքՆաթը, ինչպես նաև Բժշկության ազգային ակադեմիայի և Տեխնիկայի ազգային ակադեմիայի ղեկավարներ Վիկտոր Դզաուին և Ջոն Անդերսոնը: Ստորագրումը տեղի կունենա տեսախորհրդաժողովի ձևաչափով: