Բերդում «Թումո» շարժական կենտրոն կհիմնվի

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սիմոնյան կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրել «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նիստում հայտնել է, որ 270.0 քմ մակերեսով հողամասը վերցվելու է «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունն ասել է, որ սա շատ կարևոր նախագիծ է, որի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումո»-ն իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացնում։

«Բացի այդ՝ մենք պայմանավորվել ենք, որ ազատ ժամանակ այդ տարածքները կարող են տրամադրվել նաեւ ուսուցիչների վերապատրաստումների համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրանք հագեցված են լինելու անհրաժեշտ տեխնիկայով:

Նա ասել է, որ «Թումո»-ն նախատեսում է այդպիսի ծրագրեր նաև այլ մարզերում իրականացնել։

«Հիմա, երբ մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները, պետք է արձանագրել է, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում պարտադիր առկա է կրթական բաղադրիչը։ «Թումո»-ի մուտքը Բերդի տարածաշրջան այդ իմաստով ևս շատ կարևոր է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարեւոր է մարզերում նման ենթակառուցվածքների ստեղծումը եւ համաչափ զարգացումը։