Մենք մեր հանրային կյանքի օրակարգից համաճարակը դուրս բերելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյան

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 են, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Այսպիսով՝ Հայաստանը շանս ունի ջարդելու համավարակի ողնաշարը։ Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- այս մասին Կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և շարունակում է բարելավվել:

Ըստ նրա՝ այս արդյունքը կապված է նաև Ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ, որքան էլ դրանք մարդկանց անհարմարություններ են պատճառում:

Վարչապետը նկատեց, որ թոշակների բաժանման պրոցես է սկսվելու։ «Այսօր, վաղը հատուկ աշխատեք, որ հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն»,- ԿԲ նախագահին ու նախարար Հակոբ Արշակյանին հանձնարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հուղարկավորությունների, հարսանիքների, միջոցառումների ժամանակ էլ լինեն ծայրահեղ ուշադիր ու պահպանեն պարետատան սահմանած նորմերը, հակահամաճարակային կանոնները։

«Հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրը մարտահրավերը կընդունի ու մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է իրավիճակին պատշաճ զգոնությամբ վերաբերվել:

«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստն անցկացնել արտերկրում,  պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:

Մենք մեր հանրային կյանքի օրակարգից համաճարակը դուրս բերելու խնդիր ունենք: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսն այսօր ունենք, թե որքանով այդ շանսը կիրականացնենք, կախված է մեզնից: Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: