Այսօր մայրաքաղաքում դիտարկված տնտեսավարողներից միայն մեկի մոտ են հայտնաբերվել խախտումներ. ՍԱՏՄ

Երևանում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, շարունակում են հետևողականորեն բարելավել իրենց օբեկտներում ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու ցուցանիշները: Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, այսօր մայրաքաղաքում դիտարկված տնտեսավարողներից միայն մեկի մոտ են հայտնաբերվել խախտումներ. հանրային սննդի օբյեկտներից մեկում չեն ունեցել դիմակների համար նախատեսված փակ աղբաման, իսկ ախտահանման և ջերմաչափման մատյանները լրացված են եղել թերի:

Մարզերում ևս գրանցվել է բարվոք պատկեր. սննդի շղթայի բիզնես ոլորտում արձանագրված խախտումների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: