Կթույլատրվի իրականացնել 200 տ սիգի արդյունագործական որս, այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել. Վահե Ջիլավյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՇՄ նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը անդրադառնալով Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերացման վերաբերյալ խոսակցություններին՝ ասաց, որ պաշարների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր ունենք: Հենց հիմա գործընթացների մեջ ենք, և հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կողակի մանրաձուկ բաց կթողնենք լիճ»,- նշեց նա՝ հավելելով, թե սիգ ձկնատեսակի պաշարների հետ կապված խնդիրներ չկան:

«Կառավարության որոշմամբ՝ արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը՝ թույլատրելով 200 տոննա սիգի որս իրականացնել: Շուրջ 150 դիմում ունենք, մոտակա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն: Որևէ այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել»,-ասաց Ջիլավյանը:

Նա նաև հայտնեց, թե այս պահին Սևանա լճում մոտավորապես 50 հա տարածք արդեն իսկ մաքրվել է:

ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ԺՊ Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրեց, որ Կառավարության ծրագրում ՇՄ բաժնում ներառված է ուղղություն՝ Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնում և պահպանություն: «Այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ են իրականացվում, դրանցից ամենակարևորներից է ջրածածկ անտառների մաքրման աշխատանքների իրականացումը, նաև՝ շենք-շինությունների ապամոնտաժման և մաքրման աշխատանքների իրականացումը»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե Սևանա լճի տարեկան ծրագրում ներառված են կետեր՝ էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման նպատակով: