Հունաստանում մի քանի օր շարունակ օդի ջերմաստիճանը կգերազանցի +40 -ը

Հունաստանի ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրում մի քանի օր +40 աստիճան (ըստ Ցելսիուսի) շոգ է լինելու, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին օրերին Հունաստանում +35 աստիճան է եղել։

Մայրաքաղաքային Ատտիկե շրջանում չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կհասնի 37, Սալոնիկում՝ 36, Մակեդոնիայում և Թրակիայում՝ մինչև 38, Թեսալիայում մինչև 39 աստիճանի։ Պելոպոնես վարչատարածքային միավորի հարավային հատվածում սպասվում է օդի ջերմաստիճանի մինչև 40 աստիճան բարձրացում։

Վաղվանից օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի և ավելի, նման եղանակը կպահպանվի մինչև կիրակի:

Երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունից հայտնել են, որ չոր, շոգ և քամոտ եղանակի պատճառով հրդեհների բռնկման վտանգը շատ մեծ է: