Արցախի նախագահն ընդունել է Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ա. Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս կառավարել կենսաբանական ռիսկերը:

Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել Արցախի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը: