Սևանա լճում այս պահին վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ. ՇՄՆ պաշտոնյաները ներկայացրին լճի կանաչումը սահմանափակելու համար կատարված աշխատանքները

Եղանակով պայմանավորված՝ այս տարի Սևանա լիճը ավելի ուշ է սկսել ծաղկել և շուտ էլ վերջանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

«Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որ ծաղկման պրոցեսները շարունակական լինեն, թափանցիկությունը մինչև 4 մետր է, և այս բոլոր բնութագրական ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ այս պահին լճում վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-ասաց նա:

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հայտարարեց, թե այսօր Կառավարության կողմից շատ խիստ և հրատապ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, ներկայացնել բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է անել, որ եկող տարի Սևանում կա՛մ չլինեն կանաչած հատվածներ, կա՛մ շատ քիչ լինեն:

Ինչ վերաբերում է Սևանում լողալու անվտանգությանը, Ջիլավյանը նշեց, թե այն տարածքներում, որտեղ կանաչում առկա չէ, կարելի է լողալ, սահմանափակում չկա: «Փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք»,-հավելեց նա: