Վրաստանում հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից, վնասել շատ գյուղերի ենթակառուցվածքներ (տեսանյութեր, լուսանկարներ)

Վրաստանի Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի մարզի Օնիի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից` քանդելով ճանապարհների մի մասն ու կամուրջները, տապալելով էլեկտրասյուները: Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը:

Օնիի շրջանի ղեկավար Դավիդ Չիկաիձեն տեղեկացրել է, որ վնասի չափը դեռևս հայտնի չէ, սակայն բնական աղետը վնասել է շատ գյուղերի ենթակառուցվածքներ, անհրաժեշտություն է եղել տարհանել բնակչության մի մասին: Նրա խոսքով` շուտով ծրագրվում է տարհանել բնակչության մյուս մասին, քանի որ ջրհեղեղի վտանգը դեռևս առկա է: Տեղում աշխատում են փրկարար ջոկատները:

Աղետի հետևանքով տուժածներ չկան:

Չիկաիձեն տեղեկացրել է նաև, որ մի քանի գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը` էլեկտրասյուների վնասման կամ տապալման պատճառով, գետը տարել է 3 էլեկտրասյուն:

Ճանապարհների անանցանելիության պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ հոսանքազրկված գյուղերին:

Տեսանյութերը՝