Փարիզը բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար. Ֆրանսիայի արտգործնախարար (տեսանյութ)

 

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է LCP-ի թվիթերյան օգտահաշիվը:

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն անհանգստության առիթ է տալիս, մանավանդ, որ բախումները տեղի են ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է քաղաքական լուծում գտնել, և ես հուսով եմ, որ կհաջողվի դա անել»,-ասել է Լը Դրիանը:

Նա նշել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: