ՌԴ ԱԴԾ-ը, հայ-ադրբեջանական հակամարտությունից զգուշանալով, հսկողության տակ է վերցրել Մեծ Ուրալի 2 շրջան. լրատվամիջոցներ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կազմել է այն շրջանների ցանկը, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական հակամարտության սրման վտանգի գոտում: Այս մասին տեղեկացնում է URA.RU կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Աղբյուրը տեղեկացրել է, որ ռիսկային գոտում են ներառվել Մեծ Ուրալի 2 շրջան` Կուրգանի մարզն ու Պերմի երկրամասը:

«Հայ-ադրբեջանական հակամարտության սրման պատճառով Ռուսաստանի շատ շրջաններ հատուկ հսկողության տակ են վերցրել այս խնդիրն ու սփյուռքի հետ աշխատանքը»,-ասել է աղբյուրը: Նա բացատրել է, որ այս երկու շրջաններում, ինչպես Մոսկվայում և երկրի այլ սուբյեկտներում, ԱԴԾ-ն ուշադիր հետևելու է հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերություններին:

«Կանխարգելիչ գործողություններ են կատարում ԱԴԾ վարչության և Ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները»,-ասել է Պերմի երկրամասի ուժային կառույցներից մեկի աղբյուրը:

Նա հավելել է, որ ուժայինները ստուգում են ազգային զանգվածային հավաքների վայրերը, իսկ տեղի սփյուռքի ղեկավարներին կանխարգելիչ զրույցների են կանչում: Երկրամասում բախումներ դեռևս չեն եղել:

Միևնույն ժամանակ, Կուրգանի մարզում առկա աղբյուրները կայքին տեղեկացրել են, որ չեն ուժեղացրել հսկողությունը տեղի սփյուռքի նկատմամբ: