Վրաց զինվորականները վախենում են Թուրքիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացումից

Մեր տարածաշրջանում իրավիճակը դառնում է պայթյունավտանգ, և խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդի դեմ պատերազմ սկսելու (մեր Տավուշի մարզում) հերթական փորձի մասին է: Ինչ և ինչպես է տեղի ունեցել վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում (ոչ միայն Ռուսաստանում), ըստ երևույթին, Հայաստանի քաղաքացիները տեղյակ են, դա պարզապես ադրբեջանցիների դժգոհության «ինքնաբուխ» արտահայտությունները չեն այն բանի համար, որ իրենց բանակը պարտվել է սահմանին: Ոչ, դա, անկասկած, «վերևներից» կազմակերպված պանթուրքիստական հարձակումներ են հայերի վրա: Բայց ևս մեկ անգամ հիշեցնում ենք. ամբողջ Անդրկովկասը այժմ գտնվում է անդունդի եզրին:

«Վրաստան և աշխարհ» վրացական լրատվամիջոցը զրույց է անցկացրել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հեռանկարների վերաբերյալ՝ Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գիվի Իուքուրիձեի հետ: Վրաց գեներալը իր պատասխաններում բացահայտորեն հոռետես էր և տագնապած: Եվ երբ նրան հարցրել են, թե կա՞ն արդյոք սպառնալիքներ կոնկրետ Վրաստանի համար հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացումից, թե սպառնալիքն արդեն ընդհանուր տարածաշրջանային բնույթ է կրում, Իուքուրիձեն պատասխանել է. «…Այս տարածաշրջանի ոչ մի երկիր չունի քաղաքական և, առավելևս, տնտեսական անկախության այն աստիճանը, որը որոշ ժամանակով հնարավորություն կտա մեկուսանալ հարևաններից: Վրաստանի դեպքում կան մի շարք լուրջ սպառնալիքներ, որոնք բացառում են այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ դիմակայությունը չի ազդի մեզ վրա: Նախ և առաջ, Վրաստանում կան և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքներ, որոնք միմյանց հետ լավ հարաբերություններ չունեն, և դա միշտ էլ երևում է: Չի բացառվում, և հեշտ է ենթադրել, որ այդ համյանքները զանգվածաբար կմիանան հակամարտությանը, եթե իրավիճակը ավելի սրվի, այդ թվում՝ կմիանան ռազմական գործողություններին, ինչպես դա եղել է 1991-1994 թվականներին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Չխոսելով արդեն այն ​​խնդիրների մասին, որոնք կարող են ծագել այդ մարդկանց՝ Վրաստան վերադառնալիս… Այժմ երկրորդ խնդիրը. կարծում եմ՝ գոյություն ունի իրական սպառնալիք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց կողմից Վրաստանի տարածքը օգտագործեն ռազմական գործողություններում՝ իրենց մարտավարական և գործառնական նպատակները կատարելու համար: Առավելևս, որ և՛ մեկ, և՛ մյուս երկիրը նախկինում արդեն ունեցել են նման փորձ, ինչը ժամանակին լուրջ խնդիրներ է ստեղծել մեզ համար…»:

Ավելի մռայլ են նրա կանխատեսումները կապված Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր «ներգրավվածության» հետ: Արժե կարդալ. «Հայաստանի և Ադրբեջանի հետևում կանգնած են երկու ուժեղ պետություններ՝ Ռուսաստանը և Թուրքիան, որոնք իրավիճակի սրման և առճակատման մասշտաբի ընդլայնման հետ ամեն ինչ կանեն իրենց դաշնակիցներին օգնելու համար: Հենց այստեղ է առաջանում այս սպառնալիքը. եթե Թուրքիան, առանց որևէ թույլտվության և համաձայնության, մեր տարածքն օգտագործի որպես ռազմական բազա և պլացդարմ՝ եղբայրական Ադրբեջանին օգնելու համար: Ի դեպ, վերջին ժամանակաշրջանում Անկարան վարվում էր հենց այս ձևով և ընդհանրապես հաշվի չի նստում միջազգային նորմերի հետ, այդ պատճառով վրացական սահմանը ռազմական նպատակներով հատելը չի զարմացնի ինձ: Չխոսելով արդեն այն մասին, որ իր հերթին Ռուսաստանը, որը ինչպես հայտնի է, Հայաստանի հետ ուղիղ սահմաններ չունի, կարող է այստեղ կտրել, այսպես կոչված, միջանցք և այդպիսով օգնություն տրամադրել դաշնակից երկրին»: Ըստ էության, գեներալ Իուքուրիձեն անհանգստացած է, որ Վրաստանը, ամեն դեպքում, Կովկասում իրավիճակի բացասական զարգացման դեպքում, կարող է հայտնվել օկուպացման մեջ՝ թեկուզ և ժամանակավոր, և նա խոստովանում է, որ այս դեպքում Վրաստանը անպաշտպան կլինի ոչ միայն հյուսիսից, այլև հարավ-արևմուտքից՝ Թուրքիայի կողմից: Նա վրացիներին կոչ է արել ջնջել բոլոր հույսերը Արևմուտքի և «միջազգային հանրության» հետ կապված. «Իշխանությունները նույնպես մեծ հույսեր են կապել միջազգային հանրության հետ 2008թ-ի օգոստոսին, սակայն պատերազմ սկսվեց, և պարզվեց, որ այդ հույսերը ոչ այլ ինչ էին, քան արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների մտահոգությունը: Նույնը կլինի նաև այսօր: Ավելին, Արևմուտքն այլևս այնպիսի աշխարհաքաղաքական իրողություն չէ, ինչպիսին եղել է 12-15 տարի առաջ»: Միևնույն ժամանակ, պետք է հարգանքի տուրք մատուցել գեներալին. ճիշտ է՝ առանց քննադատական խոսքերի, նա բացահայտ ակնարկել է, որ Բաքվի պահվածքը ամենամեծ վտանգն է Վրաստանի համար. «Աստված մի արասցե, որ դա (Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը Հայկական ատոմակայանի վրա հնարավոր հարձակման մասին) տեղի ունենա, քանի որ Չեռնոբիլը ծաղիկներ կլինի Անդրկովկասի, այդ թվում՝ նաև մեզ համար…»:

Իհարկե, դժվար է ակնկալել, որ վրացական իշխանությունները կլսեն իրենց գեներալին: Ամեն դեպքում, Հայաստանի համար օգտակար է իմանալ, թե իրականում ինչից են զգուշանում վրացական զինվորականները:

Սերգեյ Շաքարյանց