ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման պահանջում փոփոխություն է կատարվել. ովքեր են ազատվում ինքնամեկուսացումից
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ այդմ՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք.
- պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
- դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց
ընտանիքի անդամները,
- առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
- պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
մատուցելու նպատակով ժամանողները,
- այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:
Վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող
անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց
լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են
ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:
Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:
Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: