Թուրքական գամբիտը՝ հայկական ուղղությամբ

Դե ինչ, հարգելիներս, Թուրքիան հետևողականորեն իրագործում է տարածաշրջանում «ճոճվող անկայունություն» հրահրելու իր նախագիծը հայկական ուղղությամբ, փաստացի անելով այն, ինչը տևական ժամանակ մենք կանխատեսում էինք։

Թուրքական բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերը մտան Նախիջևան (կանխատեսվում է նաև թուրքական ռազմական ուժերի տեղակայումը՝ Բաքվի, Գանձակի (Գյանջա), Եվլախի ուղղությամբ), որպեսզի մասնակցեն ըստ իրենց պաշտոնական աղբյուրների՝ համատեղ զորավարժությունների ադրբեջանական բանակի հետ։

Կարծես թե ամեն ինչ տրամաբանական է, սակայն գոյություն ունեն մի քանի «նյուանսներ», որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Պատք է փաստել, որ անցյալում թուրքերը և ադրբեջանցիները շատ հաճախ անցկացնում էին համատեղ զորավարժություններ, և զարմանալ պետք չէ լոկ այս իրողությունից։

Ավելի հետաքրքիր է այս պարագայում այն փաստը, որ այս անգամ զորավարժություններին թուրքերը մասնակցում են բավականին լուրջ ներկայացուցչությամբ և զինատեսակների բազմազանությամբ։

Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ հենց այս ֆորմատով։

Ուրեմն…

  1. Թուրքիան խնդիր ունի անընդհատ ապակայունացնել տարածաշրջանը տարբեր ուղղություններով և հայկական ուղղությամբ իր կողմից հրահրած վերջին ադրբեջանա-հայկական սահմանային լարվածությունը, ակնհայտ համապատասխանում է թուրքերի հիմնական նպատակին։
  2. Ինքնին թուրքական բանակի ներկայությունը Ադրբեջանի տարածքում, եղել է միշտ (օրինակ թուրքական ռազմաբազան Նախիջևանում, որի գոյության փաստը համառորեն հերքվում է ադրբեջանցիների կոզմից), սակայն հենց այս զորավարժությունների մասնակցության ֆորմատը ենթադրում է տարածաշրջանային հիմնական խաղացողների՝ ռուսների և իրանցիների «նյարդերի» հետ խաղալ։
  3. Թուրքիան ամեն դեպքում միշտ աշխատելու է լարված պահպանել իրավիճակը Արցախի և Հայաստանի ուղղությամբ, քանզի համարում է, որ ստեղծելով կայուն լարվածություն տարածաշրջանում՝ նա ձեռք է առնում հավելյալ քաղաքական խաղաքարտեր իր հավերժ հակառուսական և հակաիրանական քաղաքականության ներքո։
  4. Թուրքիան ուղղակի պարտավոր է ցուցաբերել թուրքական «եղբայրությունը» Ադրբեջանի ուղղությամբ, քանզի ունի խնդիր առավել ակտիվ ներքաշել Ադրբեջանի վերնախավին իր տարածաշրջանային նախագծերի մեջ, իսկ ամենահարմար պատրվակ է հանդիսանում «թուրքական» եղբայրությունը տանկերի և ռազմական ինքնաթիռների «ֆոնի» ներքո։
  5. Դե իհարկե այս ամենը մի փոքրիկ դրվագ է Թուրքիայի պանօսմանական նախագծի իրագործման ճանապարհին։

Արդարության համար պետք է փաստել, որ պատճառահետևանքային գործոները ավելի շատ են, սակայն իմ կարծիքով, հիմնական ֆունդամենտը՝ թուրքական գործողություների տրամաբանության մեջ, վերոնշյալ պատճառներն են։

Ի՞նչ պետք է անենք մենք։

Առաջին հերթին, բոլոր հնարավոր և անհնար միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում հենց այսօրվանից բարձրաձայնել Թուրքիայի ապակառուցողական քայլերի մասին, ընդ որում պետք է խոսել այս խնդրի մասին շատ «բարձր» և անընդմեջ։

Դրա հետ մեկտեղ, մենք ուղղակի պարտավոր ենք ակտիվացնել մեր բոլոր կոնտակտները մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հետ “military emergency” (ռազմական տագնապ) ֆորմատի ներքո։

Զուգահեռ ընդգծեմ, որ Ռուսաստանի և Իրանի գործոնն է այս կոնտակտների ներքո լինելու վճռորոշ և, իհարկե, մեզ պետք է լուրջ պատրաստվել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով իրավիճակի ապակայունացմանը։

Հավատացնում եմ ձեզ, որքան մենք լավ լինենք պատրաստ տարածաշրջանային ապակայունացմանը մեր ուղղությամբ , այդքան ապակայունացման հեռանկարը կլինի՝ մշուշոտ։

Եվս մի բան…

Թուրքերը և ադրբեջանցիները այս զորավարժություններով փորձում են մեր և մեր դաշնակիցների վրա նաև հոգեբանորեն ազդել։

Ի՞նչ ասեմ՝ գլուխները պատով են տալիս, քանզի իրադարձությունների նույնիսկ ամենավատ զարգացման պարագայում, մենք մեծ առումով չունենք այլընտրանք, քան կատաղի կռվել։

Ու հավատացնում եմ ձեզ, որ թե՛ թուրքը և թե՛ ադրբեջանցին դա հասկանում են՝ մեզանից լավ։

Բայց դե սա արդեն այլ զրույցի թեմա է, որին մենք անպայման կանդրադառնանք հաջորդիվ։

Հ․Գ․Կարծում եմ, որ Նախիջևանը իրենց հաշվարկով մեզ շեղող գործոն պետք է հանդիսանա, հիմնական վտանգը արցախյան ուղղությամբ է։

Հ․Գ․Գ․Ռեջեփ Էրդողանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և քննարկման հիմնական թեման է եղել հայկական սահմանների երկայնքով ստեղծված լարվածությունը (ըստ պաշտոնական տեղեկություների)։ Նախագահ Պուտինը անթույլատրելի է համարել իրավիճակը ապակայունացնելու փորձերը։ Կարծում եմ շուտով կլսենք նաև ամերիկացիների և եվրոպացիների արձագանքը ստեղծված իրավիճակի շուրջ… առայժմ այսքանը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Թուրքական գամբիտը՝ հայկական ուղղությամբ։Դե ինչ հարգելիներս, Թուրքիան հետևողականորեն իրագործում է տարածաշրջանում "…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 27 июля 2020 г.