Մենք պետք է պատրաստվենք Անդրկովկասում պանթուրքիստական ահաբեկիչների հայտնվելուն

Ստացվում է այնպես, որ հունիս-հուլիս ամիսներին մենք հաճախ անդրադառնում ենք Թուրքիայի և մոլորակի տարբեր շրջաններում նրա գործողությունների թեմային: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում Հայաստանի անորոշ քաղաքականության շնորհիվ մեր թշնամիները համարում էին, որ Հայաստանը թուլացել է, նախ և առաջ՝ ռազմական պաշտպանության և անվտանգության առումով: Եվ վերջերս տեղի ունեցած մարտերը (12-14 հուլիսի) հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի ուղղությամբ «կովկասյան թաթարների» հետագա «մնացորդային» զինված սադրանքները, մեր կարծիքով, մեր տեսակետի ճիշտության իրական և հստակ տեսանելի ապացույց են: Առայժմ մենք չենք ասի, թե ինչ ենք ակնկալում մեր թշնամիներից, հատկապես՝ սահմանամերձ տարածքում և հատկապես Նախիջևանի մարզի կողմից:

Մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները մեզ հետ միասին հատուկ ուշադրություն դարձնեն 2020 թվականի հուլիսի 19-ին թվագրված հաղորդագրություններից մեկին: Ահաբեկիչներ, այսպես կոչված, «սիրիական ընդդիմության» ներկայացուցիչների շարքից, հնարավոր է, որ առաջիկա օրերին կարող են ուղարկվել (թուրքական զինվորականների ջանքերով) Ադրբեջանի բանակին աջակցելու համար, այդ օրը հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով քրդական «Firat» գործակալությանը. «Թուրքիան պատրաստվում է «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների տեղափոխումը դեպի Ադրբեջան: Այդ նպատակով Ջենդերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներում բացվել են վարձկանների ներգրավման և գրանցման կետեր: Զինյալների հետ պայմանագիրը կստորագրվի վեց ամսով: Նրանցից յուրաքանչյուրը ամսական կստանա 3,5 հազար դոլար»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում՝ վարձկանների հաշվարկային քանակի և դրանց Ադրբեջան ուղարկման ժամկետների մասին:

Մենք չենք կարող ասել, որ զարմացած ենք այս հաղորդագրությունից: Ի վերջո, Թուրքիան նույն կերպ է գործում աֆրիկյան Լիբիայում. Սիրիայից ահաբեկիչներին ուղարկում է թուրքական խամաճիկներին օգնելու նպատակով, ամենայն հավանականությամբ, նրանցից, ովքեր այժմ շարունակում են գրավել սիրիական Իդլիբ նահանգը: Համաշխարհային տարբեր ԶԼՄ-ների հաղորդումները շատ են տարբերվում  միմյանցից, օրինակ՝ արևմտյան ԶԼՄ-ներում, նշված է մի թիվ, իբր, Անկարային հաջողվել էր 30- 35 հազար վարձկաններ ուղարկել Լիբիա: Միջին Արևելքի լրատվամիջոցները ցույց են տալիս ավելի համեստ տվյալներ. Սիրիայից Լիբիա ուղարկված է 3-3,5 հազարից ոչ ավելի ահաբեկիչ: Համենայնդեպս, աշխարհը խոստովանում է, որ տեղյակ է, թե Թուրքիան հրահրում է Լիբիայի ներսում քաղաքացիական պատերազմի շարունակությունը՝ այնտեղ ահաբեկիչներ ուղարկելով սիրիական Իդլիբից:

Իսկ 2016-ի ապրիլին նաև մենք տեսանք մեր սեփական աչքերով. այն ժամանակ թուրքերը Սիրիայից և Իրաքից ուղարկեցին ահաբեկիչների մի քանակություն՝ Ադրբեջանին օգնելու համար: Մեր հերոսի՝ եզդի ժողովրդի որդու, Քյարամ Սլոյանի դաժան սպանությունը բավարար ապացույց է այն բանի, որ 2016 թվականի ապրիլին Սիրիայի ջհադիստական ահաբեկիչները իսկապես փորձեցին պատերազմել Արցախում հայերի դեմ: Քանի որ մեր դժբախտ տղան պարզապես սպանված չէր, արդեն անզեն և անօգնական՝ հանցագործները պիղծել էին Հայոց բանակի հանգուցյալ հերոսի մարմինը: 2016-ից քանի՞ ահաբեկիչ Սիրիայից թուրքերը տեղափոխեցին Բաքու, մենք դեռ չգիտենք: Բայց, շնորհիվ Բաքվում հավատարմագրված կանադացի դիվանագետների ցուցմունքների, մենք 4 տարի առաջ իմացանք, որ Բաքվի «Բինա» օդանավակայանից առնվազն երեք ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք լցված էին դիակներով (…թուրքերի՞, թե սիրիացի ահաբեկիչների) այդ օրերին թռչում էին դեպի Թուրքիա: Թող Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզի… Եվ, առհասարակ, Թուրքիան միշտ էլ հաջողակ է եղել ահաբեկիչներին տեղափոխելիս: 90-ականներին «Գորշ գայլեր» (Բոզ Քուրթ) հանցավոր կազմակերպությունից ահաբեկիչները պատերազմում էին արցախահայության դեմ, թուրքերը օգնեցին Աֆղանստանից  ահաբեկիչներին («դուշմաններին») տեղափոխել Ադրբեջան, նույն «Գորշ գայլերի» անդամները տասնյակներով սպանվել էին ռուսական բանակի կողմից Չեչնիայում և այլն: Մի խոսքով, սա հենց թուրքի ձեռագիրն է, զարմանալու ոչինչ չկա:

Բայց, ահա՝ մի նրբերանգը մտահոգիչ է: Ռուսաստանում ռազմականամերձ շրջանակները խիստ հուզված և զայրացած են, քանի որ, ինչպես հաղորդում է «Ցարգրադ» պորտալը, նրանք իմացել են, որ Թուրքիան պատրաստվում է այն կարգի ահաբեկիչներին տեղափոխել Անդրկովկաս, որոնց թվում կարող են լինել հենց այն ավազակները, որոնց ձեռքերի վրա ռուսների՝ 2015 թ. սպանված օդաչու Օլեգ Պեշկովի և ծովահետևակային Ալեքսանդր Պոզինիչի արյունն է: Ընդ որում, ռուսներին սպանել էին ոչ այնքան «սիրիական ընդդիմադիրները», որքան՝ «Գորշ գայլերի» հանցագործներնի ու վարձկանները, այսպես կոչված, «Հիզբ ատ-թյուրքեստանի» (Թյուրքեստանի կուսակցություն): Ռուսների մարդասպանները բացահայտ լուսանկարվել էին՝ ցուցադրաբար մատներով ցույց տալով պանթուրքիստների «ֆիրմային նշանը», իսկ «Հիզբ ատ-թյուրքեստանի»-ի անդամները պատասխանեցին նույն ժեստով: Պարզ է, որ, օրինակ, թուրքերը արաբ ահաբեկիչներին ուղարկում էին Լիբիա: Բայց Անդրկովկասում, մեր ռազմաճակատներում, պարզապես անհրաժեշտ է ակնկալել Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ներկայացուցիչների, Սիրիայից և Իրաքից եկած թուրքամանների, չինական ույղուրների և այլոց հայտնվելը: Ույղուրները, մյուս կողմից, հենց Բաքվում ունեին փոխադրման (Չինաստանից մինչև Մերձավոր Արևելք) կետ: Եկեք հույս հայտնենք, որ մենք դեռ ունենք հատուկ ծառայություններ, և ոչ միայն «հակակոռուպցիոն մարմիններ» և «բանտարկություններ բանտախցում» կազմակերպող կառույցներ, և մեր հատուկ ծառայությունները մեզանից 100 անգամ ավելի լավ և ժամանակին կպարզեն, թե Թուրքիայից ովքեր, որքան, որտեղից և ուր են ուղարկվելու մեր Անդրկովկաս:

 Սերգեյ Շաքարյանց