Սալոնիկի բողոքի ակցիայից հետո Թուրքիայի ՊՆ-ն սպառնացել է կոտրել իրենց դրոշը վառողների ձեռքերը

Հուլիսի 24-ին տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ վերաբացվելու առիթով Հունաստանի Սալոնիկ քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները երկու անգամ Թուրքիայի դրոշ են այրել, ինչին խիստ սպառնալի արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Twitter»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարության մեջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է հույն ցուցարարների գործողությունները և սպառնացել կտրել թուրքական դրոշն այրողների ձեռքերը։

«Կկոտրվեն դեպի մեր պանծալի դրոշը երկարող ձեռքերը»,- նշված է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Սալոնիկում կազմակերպված ակցիան սկսել է Թուրքիայի դրոշի հրկիզումով, ապա մասնակիցները քայլերթ են արել դեպի Թուրքիայի հյուպատոսարան։ Հունական ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չի տվել ացիայի մասնակիցներին շատ մոտենալ թուրքական հյուպատոսության շենքին։ «Ո՛չ նեոօսմանիզմին» պաստառ պարզած ցուցարարները ևս մեկ թուրքական դրոշ են այրել այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքում։

Հիշեցնենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453 թ.) մզկիթի վերածված, իսկ 1934-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ Սոֆիայի տաճարն օրեր առաջ Թուրքիայի Պետխորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար։