«Կա´մ կդիմենք Վարչական դատարան, կա´մ ՍԴ և ԵԴ. «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական խմբի ղեկավար Ա. Կոչուբաև

Բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և ակցիայի մասնակից Հովհաննես  Հարությունյանն ազատ արձակվեցին Ոստիկանության բաժանմունքից: «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական խմբի ղեկավար Ա. Կոչուբաևը նշեց, որ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են:

«Բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և ակցիայի միացած Հովհաննես  Հարությունյանը ձերբակալվել էին Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Սակայն Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, նա փողոց չէր փակել, իսկ ոստիկանությունը պահանջ էր դրել բացառապես բացել ճանապարհի երթևեկելի գոտին, հետևաբար նրա վարչական ձերբակալումը ակնհայտ ապօրինի էր, իսկ Հովհաննես Հարությունյանը ձերբակալվել է, որովհետև ցանկացել է միջամտել անչափահաս երեխաներին բերման ենթարկելու գործողությանը»,- նշեց փաստաբանը:

Ալեքսանդր Կոչուբաևը, տեղեկացրեց, որ հարյուրից ավելի դիմորդների կողմից լիազորագրեր են ներկայացվել, մարզերից ևս դիմորդներ կան, այսօր և վաղը տեղի կունենա լիազորագրերի հավաքման գործընթաց և չորեքշաբթի կդիմեն կամ վարչական դատարան, կամ Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանը նշեց, որ չորեքշաբթի կներկայացնեն, թե խնդրի լուծման որ տարբերակն են ընտրել: «Ունենք երկու տարբերակ՝ կա´մ կդիմենք Վարչական դատարան, կա´մ, եթե դա համարենք ոչ արդյունավետ միջոց, կդիմենք Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան, քանի որ այս պահին հստակեցման խնդիր ունենք: Այն, որ կարգը հակասում է օրենքին, դա կասկածից վեր է, այն վիճարկման է ենթակա Վարչական դատարանում, սակայն սահմանադրականության խնդիրներ էլ կան, եթե հանգենք վերջնական եզրակացության, որ մեզ համար թիրախային է ՍԴ դիմելը, այնտեղ կդիմենք»,- նշեց փաստաբանը:

Ակիցիայի մասնակիցները կրկին շարժվեցին, դեպի ԿԳՄՍ նախարարություն: