«Պարսկական առյուծի» գործոնը

Հին ժամանակներից՝ Իրանի (Պարսկաստանի) խորհրդանիշ է համարվել` առյուծը, բայց շեշտեմ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն․ «Պարսկական առյուծը» շատ համբերատար է, իմաստուն և դրա հետ մեկտեղ շատ հետևողական է իր նպատակներին հասնելիս։

Ինչո՞ւ է այս նախաբանը՝ կհարցնեք դուք։

Փորձեմ բացատրել։

Տեսեք․ ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեր տարածաշրջանում շատ ակտիվ գեներացնում են Հայաստանի և Արցախի շուրջ մեղմ ասած ագրեսիվ գործընթացներ։

Վերջին իրադարձությունները Տավուշում, ազերիների կողմից ոչ թե սպոնտան, ինչ-որ ռազմական սադրանքներ էին, այլ հստակ և հաշվարկված քայլեր՝ բավականին մտահոգիչ հեռանկարներով։

Այո՛, հայ զինվորը քանդ ու քարափ արեց թշնամու նպատակները, սակայն Տավուշում տեղի ունեցածը դա պրոցեսի ավարտ չէր, այլ թուրքերի և ազերիների հակահայկական քայլերի համակարգից ընդհամենը մի դրվագ։

Մենք գիտենք, որ թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ հենց Հայաստանի Հանրապետության դեմ հրահրվող գործընթացների վերջնակետը՝ ըստ թուրքերի և ազերիների ընդհանուր հաշվարկների, դա մեր իսպառ ոչնչացումն է, որպես՝ բնորրանում բնակվող ազգ, որը իր հերթին ընդհամենը իր գոյությամբ թույլ չի տալիս, որ իրականանա հավաքական թուրքերի՝ «Մեծ Թուրան» նախագիծը։

Պարզ է, որ Ռուսաստանի համար «Մեծ Թուրան» նախագիծը ներկայացնում է չափազանց մեծ վտանգ, քանզի թուրքերը շատ վաղուց բացահայտ հավակնում են ապագայում որոշ ռուսական տարածքների տիրապետման, մասնավորապես որտեղ բնակվում են թուրքալեզու ազգերը։

Այստեղ ամեն ինչ պարզ է։

Սակայն պանթուրանական էքսպանսիայի ամենավաղեմի հակառակորդ է հանդիսանում նաև Իրանը, քանզի բացի տարածաշրջանային մրցակցությունից՝ Թուրքիա/Իրան, գոյություն ունի նաև շատ պարզ իրողություն։

Եթե հանկարծ թուրքերին գոնե մասնակի հաջողվի առաջընթաց գրանցել մեզ հետ հակամարտության ընթացքում (խոսքը ոչ միայն ռազմական գործոնի մասին է, այլ ավելի լայն ընթացքների ), ապա Իրանը, հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական իրավիճակը, կհայտնվի գերլուրջ վտանգի առջև։

Իրականում թուրքերը և ազերիները դիտարկում են Իրանը՝ որպես թշնամի և հետևաբար միշտ փորձել են իրանցիներին, այս կամ այլ կերպ թուլացնել։

Իրանում դա շատ հստակ հասկանում են, և հենց մեր և իրանցիների դիրքերի համընկումը, թույլ է տալիս ենթադրել, որ իրանական ուղղությամբ մենք ունենք բավականին լուրջ հակաթուրքական և հակաադրբեջանական համատեղ գործողությունների հեռանկար։

Կարծում եմ, որ մեզ հիմա շատ կարևոր է շատ ակտիվ զարգացնել համատեղ գործողությունների տեսլականը պանթուրանական քեյսի ուղղությամբ։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի և Իրանի նպատակները այս ուղղությամբ խորքային տարբերություն չունեն, ապա մեր մանևրելու դաշտը առավել ընդլայնվում է։

Այո՛, Իրանը ունի լրջագույն խնդիրներ ԱՄՆ֊ի հետ, սակայն փորձը ցուց է տալիս, որ եթե հայկական կողմին հաջողվի ապացուցել, որ մեր և Իրանի համագործակցությունը՝ ընդդեմ պանթուրանական նախագծի, մեզ համար կենսական նշանակություն ունի, ապա համոզված եմ, որ այս կամ այլ առումով, մենք չենք ընկնի ամերիկյան «հակաիրանական» գործողությունների տակ ։

Մեր մեջ ասած, ԱՄՆ-ին ևս ձեռնատու չէ Թուրքիայի նեոօսմանական նկրտումները (իրար հասկացանք չէ՞ ժողովուրդ ջան, թե ի՞նչ նկատի ունեմ ես)…սա որպես մեջբերում։

Իրականում , առանց չափազանցնելու կարող ենք արձանագրել, որ եթե մենք ուզում ենք առավել էֆեկտիվ դիմակայել թուրքերի և ադրբեջանցիների հակահայկական քաղաքականության դեմ, ապա մենք պետք է առավել սերտ հարաբերություններ հաստատենք իրանցիների հետ, և հավատացնում եմ ձեզ, դա կլինի շատ արդյունավետ քայլ ։

Դրա հետ մեկտեղ որքան էլ ոմանց դուրը չգա, բայց փաստը նա է, որ Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային տեսլականը համընկնում են, իսկ եթե մեզ հաջողվի նաև Իրանի հետ համատեղ տեսլական ձևավորել, ապա Ադրբեջանը և Թուրքիան ուղղակի «չեն ձգի» պանթուրանական ծրագրի իրագործմանը։

Սա ասում եմ վստա՛հ։

Հ.Գ. Խորհուրդ կտամ նույնիսկ սիրողական մակարդակով ուշադիր ուսումնասիրել վերջին մեկ տարվա իրանական ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունները և հավատացնում եմ ձեզ շատ բան պարզ կդառնա։

Հ.Գ.Գ. Միջնադարից մի ասացվածք կա՝ «Նույնիսկ եթե պարսկական առյուծի աչքերը փակեն, դա ոչ մի բան չի նշանակում, քանզի նա երբեք չի քնում…երբեք»։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

"Պարսկական առյուծի" գործոնը։Հին ժամանակներից՝ Իրանի (Պարսկաստանի) խորհրդանիշ է համարվել` առյուծը, բայց շեշտեմ շատ…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 27 июля 2020 г.