Ադրբեջանն ու Թուրքիան հենց իրենք են խախտել տարածքային ամբողջականության սկզբունքը, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը

Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետության փաստացի հսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ ունեցած Ադրբեջանի պրետենզիաները անհիմն են, քանի որ դրանք պատմության ընթացքում երբևիցե չեն գտնվել անկախ և միջազգային սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Հանրապետության իրավազորության տակ։ 1991թ. Բելովեժյան համաձայնագրով և անկախության հռչակագրով Ադրբեջանը իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը նույնիսկ չէր էլ ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև օժտված չէր սուվերեն պետությանը բնորոշ տարածքային ամբողջականության հատկություններով։ Տարածքային ամբողջականության խախտման մեջ մեզ մեղադրող Ադրբեջանն ու Թուրքիան հենց իրենք են խախտել այն, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը, խոսքը Նախիջևանի մասին է, որը անօրեն կերպով անցավ Ադրբեջանին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչների կողմից։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները», այսինքն պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անօրինական են, քանի որ պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից, բոլշևիկյան և քեմալական պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Պայմանագիրը կնքելու պահին գոյություն չուներ ՌՍՖՍՀ ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ և բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր։ Կարսում որպես միջազգային սուբյեկտ գոյություն չուներ նաև ՀՍՍՀ-ն, իսկ մինչ այդ` Մոսկվայում Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության, այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում։ Այսպիսով, վերոնշյալ պայմանագրերը ստորագրման պահից էլ չեն ունեցել իրավական ուժ, սակայն ցավոք սրտի այսօր մեր արտաքին քաղաքականության մեջ կարծես չի օգտագործվում այս հանգամանքը։

Ժիրայր Ազիզյան

Քաղաքական վերլուծաբան

Արցախ