«Կործանարար փաստաթուղթ է». Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից

Լեհաստանի աջակողմյան կառավարությունը հայտնել է, որ դուրս է գալիս «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի կոնվենցիայից»։

Ինչպես գրում է Euronews-ը, Ստամբուլյան կոնվենցիան աշխարհում առաջին պարտադիր կոնվենցիան է՝ կանանց նկատմամբ բռնությունները կանխելու համար, բայց Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն կոնվենցիայի տեքստը որակել է հասարակության համար «կործանարար», քանի որ այն պահանջում է  դպրոցների ուսումնական ծրագրում ներառել դասաժամեր՝ երեխաներին սովորեցնելու գենդերի մասին՝ սոցիոլոգիական տեսանկյունից:

Հանգստյան օրերին Զիոբրոն ասել է, որ երկուշաբթի (հուլիսի 27-ին) նա կսկսի նախապատրաստել պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը:

Ըստ Զիոբրոյի, կոնվենցիայի հոդվածները, որոնք վերաբերում են երեխաների և երիտասարդների կրթության, ինչպես նաև ԼԳԲՏ համատեքստում ընտանեկան հարաբերությունների մասին, ընդունելի չեն:

«Մենք նաև մերժում ենք ընտանեկան հարաբերությունների խթանման ԼԳԲՏ տարրը՝ տեսակետ, որը քարոզում են ձախ կամ միասեռական շրջանակների ակտիվիստները, որոնք ցանկանում են իրենց համոզմունքները վերածել պարտադիր օրենքի»,- ասել է նա:

Լեհաստանի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ վերջին տարիներին երկրում իրականացված բարեփոխումներն ավելի լավ են կանանց պաշտպանում բռնությունից:

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են առաջ տանել ավանդական ընտանեկան արժեքները:

Նշենք, որ կիրակի  Եվրոպայի խորհուրդը «ահազանգել էր», որ Լեհաստանը նպատակ ունի դուրս գալ կոնվենցիայից: