Ընդունելության քննություններն ավարտված են, և արդյունքները վերջնական են․ ԿԳՄՍ նախարար

ԳԹԿ տվյալներով՝ 2020-ի ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11 979 դիմորդ, քննություններին մասնակցել է 11 648-ը։ Ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Միասնական քննություններից դրական գնահատական ստացած, բայց չընդունված 223 դիմորդները հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները՝ դիմել բուհեր:

Անդրադառնալով բարձր գնահատական ստացած և չընդունված դիմորդների խնդրին՝ նախարարը հայտարարեց, որ գերազանց՝ 18 և ավելի միավոր վաստակած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, 6-ից արձագանքել է 4 դիմորդ։

«Այսինքն՝ 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկը դիմելու է հեռակա կարգով, մյուսը կոնկրետ մասնագիտություն է ուզում և այդպես է լրացրել հայտը»,- ասել է նախարարը:

Նա հերքեց լուրերը, թե քննությունների արդյունքները չեղարկվելու են, նշելով, որ ընդունելության քննություններն ավարտված են, և արդյունքները վերջնական են։