Ազերիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (լուսանկարներ)

Սան Ֆրանցիսկոյում գտնվող Քրուզյան-Զեքարյան հայկական դպրոցը և դրան հարող հայկական համայնքային կենտրոնը հուլիսի 24-ի գիշերը վանդալիզմի է ենթարկվել․ շենքի արտաքին պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ են հայտնվել, գրում է asbarez.com-ը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին՝ անհապաղ դադարեցնել պետության կողմից հովանավորվող և նրանց կողմից հրահրված հայատյացության արշավները։ Մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ազգային կառավարություններից մինչև ոչ առևտրային կազմակերպություններ, դատապարտել հայերի վրա հարձակման այս գլոբալ արշավը և կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները»,- այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նույնպես դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում տեղի ունեցած վանդալիզմը։

«Ադրբեջանական գրաֆիտիները պատկերված են եղել շենքի բոլոր արտաքին պատերին։ Ուսումնական հաստատությունում վանդալիզմը վկայում է այն մասին, որ Կալիֆոռնիայի հայ համայնքը հանցագործության զոհ է դարձել, որն իրականացվել է ատելության հողի վրա և ակնհայտորեն կազմակերպված է ադրբեջանցիների կողմից»,- ասվում է հայկական հյուպատոսության հայտարարության մեջ:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը թվիթերյան իր միկրոբլոգում ևս իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

«Ոմանք վանդալիզմի են ենթարկել հայկական դպրոցը/հասարակական կենտրոնը։ Ես զայրացած եմ։ Դա լիովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին։ Դա նույնպես հանցագործություն է»,- գրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը՝ նշելով, որ համատեղ աշխատանք է տարվում Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության վարչության հետ՝ հետաքննություն անցկացնելու համար։

«Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։