Թախանձագին խնդրում եմ՝ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է՝ դրդել ազգամիջյան խմորումներ. ՌԴ-ում ՀՀ դեսպան (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը թեև մտահոգիչ է, սակայն կառավարելի է:

«Այս պահին իմ բոլոր գործընկերների, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ գտնվում ենք դեսպանությունում, և փորձում ենք իրավիճակը գնահատել, վերլուծում ենք թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները, զանգերը: Կապի մեջ ենք մեր համայնքների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, այդ թվում Մոսկվայի՝ իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է դեսպանը:

Իր խոսքով՝ թեև այս իրադրությունն ինչ–որ իմաստով պայթյունավտանգ է, իսկ սոցիալական ցանցերում էլ կարծիքներ են քննարկվում, տարբեր կրքեր են հրահրվում, քանի որ մարդիկ անհանգստացած են՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում հայազգի գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում և  խանութներում, այնուամենայնիվ իրավիճակը կառավարելի է:

Տողանյանը նշել է, որ մշտական կապի մեջ է նաև Ռուսաստանի, մարզերի և Մոսկվայի ուժային բոլոր կառույցների, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի իշխանությունների հետ, որոնք 24-ժամյա ռեժիմով ամեն ինչ անում են՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար:

«Եվս մեկ անգամ խնդրում եմ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ՝ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ՝ մեզ թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:

Տեսանյութը՝

||| Դեսպան Վարդան Տողանյանի կոչը հայրենակիցներին

Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Пятница, 24 июля 2020 г.