ԱՀ և ՀՀ ոստիկանապետերը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արցախից ժամանած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը:

Արցախի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։

Ելույթների ընթացքում մեկ անգամ էլ հաստատվեց դրույթը, որ Հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության հարցերում ավելի քան սերտ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:

Ելույթներից հետո հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր։

Արցախի ոստիկանության պետի հրամանով Վահե Ղազարյանը պարգևատրվեց ԱՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Համագործակցության ամրապնդման համար, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը ու պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս։