Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ավելացումը. Կիրիլ Առաջին

Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով երկխոսության գնալ և չտրվել սադրանքներին, և նշել, որ հակամարտության ցանկացած սրում ընկալում է որպես սեփական ցավ: Կիրիլ Առաջինի հայտարարությունը հրապարակված է ՌՈՒԵ կայքում:

«Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմին էլ երկխոսության կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսություն վարելու փորձ ունեն, ինչն այսօր շատ պահանջված է: Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ավելացումը»,-նշվում է հայտարարությունում:

Կիրիլ Առաջինը նաև ընդգծել է, որ ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ խաղաղասիրական գործունեություն է վարում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում, ինչն էլ իրեն թույլ է տալիս դիմելու Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդներին:

Ըստ պատրիարքի՝ Կովկասում նոր պատերազմը կներգրավի տարատեսակ ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք երկար ժամանակով տարածաշրջանը կզրկեն խաղաղությունից ու կայունությունից:

«Սիրելի եղբայրներ, խնդրում եմ ձեզ պահպանել այն ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք եղբայրական հանդիպումների ընթացքում»,-նշել է պատրիարքը և հավելել, որ ՌՈՒԵ-ն ջերմեռանդորեն աղոթում է հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման:

«Լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ մեզ համար եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և խելամտություն կգտնեն թշնամանքին վերջ տալու, անվստահության մակարդակը նվազեցնելու և առկա խնդիրների հարցում փոխընդունելի որոշումների հասնելու համար»,-նշվում է Կիրիլ Առաջինի հայտարարության մեջ: