Գլոբալիստների ծրագիրը. Հայաստանի դեմ պատերազմով լուծել Պուտինի ու նրա իշխանության հարցերը

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակումներից մեկում, լիովին հասկանալի են Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրանքով սկսված ռազմական գործողությունների պատճառներն ու նպատակները: Դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև գլոբալիստական ուժերի նախատեսած վերջնարդյունքում` Ռուսաստանի դեմ: Բուն թիրախը, թերևս, հենց Ռուսաստանն է: Պատահական չէ, որ պատերազմի վերաճելու սպառնալիք պարունակող ռազմական գործողությունները սկսվեցին համառուսաստանյան քվեարկության արդյունքներով Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների ընդունումից կարճ ժամանակ հետո: Ինչո՞ւ…

Արևմուտքի գլոբալիստական ուժերի կողմից Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը, ինչպես և Հայաստանն ու ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, այդ նույն ուժերի տեղի գործակալների կամ կամակատարների (Բորիս Ելցին, Լևոն Տեր-Պետրոսյան և ուրիշներ) կողմից դրվեցին կիսագաղութային վիճակում: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ միայն Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, տարբեր պետություններից այդ երկրներից շատերի ահռելի վարկային-պարտքային բեռին, ինչպես նաև բոլորի Սահմանադրություններին, որոնց համաձայն, այդ երկրների վավերացրած միջազգային պայմանագրերը գերակա են նրանց օրենքների նկատմամբ: Ահավասիկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի, «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Մինչև բոլորովին վերջերս կատարված սահմանադրական փոփոխությունները, Ռուսաստանում նույնպես, ՌԴ Սահմանադրության համաձայն, միջազգային պայմանագրերը գերակա էին այդ երկրների օրենքների նկատմամբ: Շատ այլ առումներով նույնպես Ռուսաստանն Արևմուտքի կիսագաղութն էր և էապես նրանից կախվածության մեջ գտնվող:

Գալով իշխանության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խելացի և աստիճանական քայլերով սկսեց Ռուսաստանը տարբեր ոլորտներում Արևմուտքի կիսագաղութային վիճակից դուրս բերելու գործընթաց: Արևմուտքի գլոբալիստական ուժերն իրենց հնարավորությունների սահմաններում, իհարկե, դիմադրեցին դրան, բայց ընդամենը կարողացան դանդաղեցնել նշված գործընթացը: Նրանց վերջին հույսն այն էր, որ Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, շուտով այլևս չի կարող առաջադրվել, ընտրվել Ռուսաստանի նախագահ, իսկ ով էլ ընտրվի, դժվար թե կարողանա Պուտին լինել, նրա կարողություններն ունենալ ու նրա քաղաքական գիծը շարունակել, քանի որ Վլադիմիր Պուտինի պես առաջնորդներ, ինչպես ասում են, 100 տարին մեկ են ծնվում: Բայց, ահա, ի հեճուկս ԱՄՆ-ի և ողջ աշխարհի գլոբալիստական ուժերի, ՌԴ նախագահը, նրա քաղաքական թիմը և հանրաքվեին մասնակցած Ռուսաստանի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը խառնեցին վերոնշյալ ուժերի խաղաքարտերը:

Ինչպես արդեն հայտնի է, համառուսաստանյան քվեարկության (հունիսի 25-ից հուլիսի 1-ը) արդյունքներով ընդունվեցին ՌԴ Սահմանադրության փոփոխությունները, Ռուսաստանի ԿԸՀ-ն հուլիսի 2-ին թե 3-ին հաստատել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության արդյունքները, ամփոփիչ արձանագրությունը ստորագրված է։ Փոփոխություններին կողմ է քվեարկել ՌԴ ընտրողների 77,92%-ը (57,7 միլիոն մարդ), դեմ՝ 21,27%-ը (մոտ 16 միլիոն մարդ)։

Համաձայն ՌԴ Սահմանադրության փոփոխությունների, ՌԴ վավերացրած միջազգային պայմանագրերն այլևս գերակա չեն Ռուսաստանի օրենքների նկատմամբ: Նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ այժմ զբաղեցնող անձը կարող է կրկին դառնալ ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածու և ընտրվել: Այսպիսով սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են Պուտինի պաշտոնավարման նախորդ բոլոր 4 ժամկետները և նրան թույլ են տալիս մասնակցել 2024 և 2030 թվականների նախագահական ընտրություններին։ Բացի այդ, նախագահ կարող է ընտրվել միայն 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը մշտապես բնակվում է ՌԴ-ում առնվազն 25 տարի, օտարերկրյա քաղաքացիություն չունի և նախկինում չի ունեցել:

Ներկայիս ՌԴ Սահմանադրության համաձայն, նախագահն իրավունք է ստանում իրականացնել ՌԴ կառավարության ընդհանուր ղեկավարումը, նաև իրավունք ունի նախագահել կառավարության նիստերը, նրան, ինչպես նաև մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում հաշիվ (ավանդ) բացել և ունենալ, արտասահմանյան բանկերում կանխիկ դրամական միջոցներ և արժեքավոր իրեր պահել, այսինքն` օտարերկրյա պետություններից ու բանկերից կախման մեջ լինել:

ԱՄՆ-ի և ողջ աշխարհի գլոբալիստական ուժերը ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո կատաղությունից իրենց ատամները կճրտացրեցին: Նրանք հասկանում են, որ տանուլ են տալու Ռուսաստանի հետ կապված ապագայի իրենց բոլոր պլանները, քանի որ առաջիկայում էլի Պուտինն է ընտրվելու և նախագահելու մինչ 2035 թվականը` այդ ընթացքում աննախադեպ հզորացնելով Ռուսաստանը տնտեսական և ռազմական առումներով, թերևս դարձնելով ողջ աշխարհում անմրցակից թիվ 1 գերտերությունը:

Այդ նույն ուժերը, սակայն, Ռուսաստանում ռևանշի հասնելու իրենց հույսը դեռ չեն կորցրել: Իրենց ներկայացուցիչներից մեկի` Ալեքսեյ Նավալնիի միջոցով նրանք Ռուսաստանի ընդդիմությանը հորդորել են չընկճվել ու շարունակել պայքարը, նշելով պայքարի երեք հիմնական միջոց: Դրանցից առաջինը՝ վերջնականապես տապալել Պուտինի վարկանիշը:

«Այսօր բնակչության 50 տոկոսը դեռ աջակցում է Պուտինին, մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այդ մարդկանց հետ՝ այդ 50 տոկոսը հնարավորինս նվազեցնելու համար,- հուլիսի 1-ին հայտարարել է Նավալնին:- Երկրորդը՝ պետք է ակտիվ մասնակցել սեպտեմբերին կայանալիք տեղական ընտրություններին, օգտագործելով խելացի քվեարկություն ռազմավարությունը: Եվ երրորդը՝ հիմնականը՝ պետք է փողոց դուրս գալ»:

Ըստ Ալեքսեյ Նավալնու, Պուտինն ու նրա թիմակիցները ամենից շատ վախենում են փողոցային բողոքի ակցիաներից, և եթե մի քանի հարյուր հազար, միլիոնավոր մարդիկ դուրս գան փողոց, իշխանությունները ոչինչ չեն կարողանա անել: Այսպիսով նրանց նպատակը Ռուսաստանում Հայաստանի «թավշյա հեղափոխության» սցենարը խաղարկելն է, ինչին, նրանք վաղուց են նախապատրաստվել` նկատի ունենալով Ռուսաստանում իրադարձությունների զարգացման տեսականորեն հնարավոր բոլոր տարբերակները (ինչպես Հայաստանում էին վաղուց նախապատրաստվել…):

Ռուսաստանում Սորոսի, սորոսականների ու մյուս գլոբալիստական ուժերի գործերը, որոնք մինչ սահմանադրական փոփոխություններն էլ վատ էին (Վլադիմիր Պուտինը և նրա իշխանությունն այդ ուժերին թույլ չեն տվել այնքան լկտիանալ, որքան Սերժ Սարգսյանը և հանրապետական իշխանությունը թույլ տվեցին լկտիանալ այստեղ), ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ավելի վատացան` հաշվի առնելով մոտ ապագայում այդ փոփոխություններից բխող և իրենց պլանները տապալող հետևանքները:

Հիշյալ ուժերի գործերը միաժամանակ վատ են նաև Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թեև մի բարի պտուղ չէ, բայց գլոբալիստական ուժերի ներկայացուցիչը չէ, նրանց բոլոր ցանկությունները կամ պահանջները չէ, որ կատարում է, որոշ դեպքերում նույնիսկ հակառակ կերպ է վարվում, հակադրվում նրանց: Հակասություններն ակնհայտ են, և դրանցով են բացատրվում ԱՄՆ-ում Թրամփի դեմ ողջ քարոզարշավը և մնացած գործողությունները, որոնք տևական ժամանակ ծավալվում են և ավելին են, քան սոսկ նախընտրական պայքարը:

Գլոբալիստական ուժերն ինչ-որ առումով փակուղային վիճակում են հայտնվել, պայքարը նրանց համար վերածվել է գրեթե կենաց-մահու պայքարի: Նշված ուժերին արդեն պարզ է, որ Ռուսաստանի 2024թ. նախագահական ընտրություններում դարձյալ Պուտինն է ընտրվելու, և եթե ԱՄՆ-ում 2020թ. նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում էլ Թրամփն ընտրվի, կարելի է համարել, որ գլոբալիստական ուժերի պարտությունը գրեթե երաշխավորված է: Նկատի ունենանք, որ խոսքը ոչ թե սովորական պետությունների, այլ գերտերություն ԱՄՆ-ի և աշխարհի երեք հզորագույն պետություններից մեկի` Ռուսաստանի ղեկավարների մասին է (Չինաստանի ղեկավարն ու բարձրագույն ղեկավարությունը նույնպես գլոբալիստական ուժերինը չեն):

Ահա, վերը ներկայացված իրավիճակում է, որ գլոբալիստական ուժերը որոշել են տապալել Պուտինին, նրա իշխանությունը, ծնկի բերել, խամաճիկ պետության վերածել կամ կործանել Ռուսաստանը: Դրա համար բավական է ընդամենը նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակում (ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ) գտնվող Ռուսաստանին ներքաշել Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմի մեջ:

Հայաստանի կործանումը կանխելու կամ Անդրկովկասում իր քիչ թե շատ հուսալի միակ հենակետը և դաշնակցին, նրա հետ միասին ողջ Անդրկովկասը չկորցնելու, Ադրբեջանի և Թուրքիայի հզորացում, միացում, իր համար նույնպես մեծ վտանգ ներկայացնող պանթուրքական ծրագրի իրագործում թույլ չտալու համար, ինչպես նաև քրիստոնեական արժեհամակարգային, բարոյական մղումներով Ռուսաստանը հարկադրված կլինի ներքաշվել այդ պատերազմում, եթե Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնությունից բացի, ուղղակի ռազմական միջամտությամբ հանդես գա` հարվածելով Հայաստանի և Արցախի տարածքներում որոշակի թիրախների կամ ռազմական ներխուժում իրականացնի:

Իսկ ի՞նչ է նշանակում պատերազմի մեջ ներքաշվել, ի՞նչ կնստի այդ հարկադրական քայլը ՌԴ-ի վրա: Հասկանալի է, որ Ռուսաստանը ռազմական և այլ առումներով Թուրքիայից ավելի հզոր պետություն լինելով, Հայաստանի և Արցախի հետ միասին Թուրքիային և Ադրբեջանին, ի վերջո, պարտության կմատնի, սակայն այդ պատերազմն անհետևանք չի լինի նաև Ռուսաստանի համար, ավելի ճիշտ, հետևանքները կարող են լինել շատ ծանր:

Պատերազմի յուրաքանչյուր օրն ահռելի ծախս կպահանջի Ռուսաստանից (ցանկացած պատերազմող երկրի համար պատերազմն, ընդհանրապես, թանկ հաճույք է), եթե նույնիսկ Ռուսաստանն այդ օրվա ընթացքում չկորցնի ոչ մի ինքնաթիռ, ուղղաթիռ, ԱԹՍ, տանկ, զրահամեքենա, հրթիռային կայանք կամ հրանոթ: Մինչդեռ երբ խոսքը զորքի թվակազմի և զինվածության առումով աշխարհի լավագույն բանակներից մեկի` Թուրքիայի բանակի դեմ պատերազմելու մասին է, այդ, ինչպես նաև մարդկային մեծաթիվ կորուստները կլինեն ուղղակի անխուսափելի:

Դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո ինչ իրավիճակ կառաջանա Ռուսաստանում, այնտեղ Պուտինի և նրա իշխանության դեմ ՌԴ ռուս բնակչության թեկուզ մի մասի կողմից դժգոհության, բողոքի և ապստամբության ինչ ալիք կարող է բարձրանալ, հատկապես, սորոսական և այլ ուժերի (թուրք-հրեական լոբբի, մասոններ) ուղղորդմամբ, երբ այստեղից ինքնաթիռները ցինկապատ դագաղներով Ռուսաստան կտեղափոխեն հայերիս համար զոհված ռուսաստանցի զինծառայողների դիակները, և, զուգահեռաբար, ՌԴ-ում կվատանա սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը պատերազմի պահանջած ահռելի ծախսերի պատճառով: Եթե սրան գումարենք նաև այն, որ Ռուսաստանում գտնվող ադրբեջանական համայնքը և ՌԴ քաղաքացիներ հանդիսացող մեծաթիվ մուսուլմանների մի մասն այդ ընթացքում ձեռքերը ծալած չեն նստի, պատկերը թերևս կամբողջանա:

Ի դեպ, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերն այդպիսի սցենար էին նախատեսել նաև 2016 թվականին` Ալիևին հրահանգելով կամ նրանից պահանջելով սկսել ապրիլյան պատերազմը, սակայն այն պահից, երբ իրական սպառնալիք առաջացավ, որ սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները կվերածվեն լայնամասշտաբ պատերազմի, Ռուսաստանին հաջողվեց երկու կողմերի ներկայացուցիչներին Մոսկվա կանչելով, նրանց պարտադրել զինադադար:

Թյուր տեղեկացվածության, մոլորության հետևանք է այն կարծիքը, թե Ռուսաստանը երբեք Թուրքիայի դեմ չի պատերազմի, քանի որ այդ դեպքում ՆԱՏՕ-ի պայմանագրով ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ պետություններ նույնպես կներքաշվեն տվյալ պատերազմում, բանը կհասնի Երրորդ համաշխարհայինի և մարդկային ողջ քաղաքակրթության կործանման: ՆԱՏՕ-ի պայմանագիրը չի գործի Թուրքիայի նախահարձակ լինելու դեպքում, մանավա՛նդ, որ պատերազմն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Երրորդ համաշխարհայինի չվերածելու հրամայականով ո՛չ Ռուսաստանը կհարվածի Թուրքիայի տարածքում գտնվող թիրախներին, ո՛չ էլ Թուրքիան` ՌԴ տարածքում գտնվող թիրախներին:

Կարող է նաև հարց առաջանալ, թե Թուրքիայի նախագահը հո հիմա՞ր չէ, որ աչքի առաջ ունենալով Ռուսաստանի հետ անմիջական բախումը, հայ-ադրբեջանական պատերազմում ուղղակի ռազմական միջամտությամբ հանդես գա: Իհարկե՛ հիմար չէ: Բայց եթե Էրդողանը, Թուրքիայի պաշտպանության նախարարը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գլոբալիստական ուժերի ներկայացուցիչներից են կամ նրանց կամակատարները, ապա վերջինի պարագայում, թեկուզ չուզենալով հանդերձ, հարկադրաբար կգնան վերոնշյալ քայլին: Հիշենք այս հոդվածաշարի սկզբում մեջբերված Միջին Արևելքի և Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի խոսքը, որը, կարծում ենք, հենց գլոբալիստական ուժերին նկատի ունենալով է ասել. «Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիեւի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող…» (ընդգծումը` մերը):

Մանավա՛նդ որ, ինչպես նշեցինք, Ռուսաստանը և Թուրքիան հասկանալի պատճառով միմյանց տարածքներում գտնվող թիրախներին չեն հարվածի, պատերազմը կծավալվի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում` այս պետությունների տարածքը վերածելով մի նոր Սիրիայի, Թուրքիայի բնակավայրերը, ռազմավարական օբյեկտները և այլն չեն ոչնչանա: Տակն ի՞նչ մնաց` մարդկային, ֆինանսական, նյութատեխնիկական կորուստները… Թուրքիայի համար դա հոգ չէ, այս պետությունը պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ զինվորները նաև զոհվելու համար են, իսկ մնացյալ կորուստները, որոնք կունենա, շռայլորեն կփոխհատուցվեն ԱՄՆ-ի և Արևմուտքի նրա դաշնակիցների կողմից:

Կասկածից դուրս է, որ Ռուսաստանը գիտակցում է իր դեմ նյութվող վերոնշյալ դավադրությունը և հնարավոր ամեն ինչ անում է իրադարձությունների նման վտանգավոր զարգացում թույլ չտալու համար:

«Մենք շատ անհանգստացած ենք կատարվածի կապակցությամբ,- հուլիսի 16-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։- Արտաքին գործերի նախարարությունը (Ռուսաստան) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում մենք կոչ ենք արել կողմերին անհապաղ հրադադար հաստատել ու սկսել բանակցությունները՝ այդ դեպքերի կրկնությունը կանխելու համար: Դժբախտաբար, առճակատումը սահմանին, այսպես ասենք, շարունակվում է. այս գիշեր տեղի ունեցավ ռազմական բախումների հերթական բռնկումը»:

ՌԴ արտգործնախարի տեղակալի հավաստմամբ, Ռուսաստանն արյունահեղությանը վերջ տալու համար գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ինչպես արտաքին գործերի նախարարների, այնպես էլ երկու երկրների գլխավոր շտաբերի պետերի հետ շփումներում:

Անդրեյ Ռուդենկոյի հավաստմամբ, Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ և կդրսևորի ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան կարգավորի ներկայիս սահմանային բախումը, այլև որ` իր համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն: Ըստ նրա, Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ ունի, և մի քանի անգամ դրանցից օգտվել է, այդ թվում՝ 2016թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ իրենց բոլոր հնարավորությունները կգործարկվեն:

«Իրավիճակի վտանգը կայանում է նրանում, որ այն կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասել է Ռուդենկոն և հավելել, որ տարածաշրջանն իսկապես բավականին պայթյունավտանգ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է չկարգավորված:

ԱԳ փոխնախարարի խոսքով` այդ կապակցությամբ, իհարկե, մեծանում է միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների դերը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, իհարկե, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի ներգրավվածությամբ,- ասել է Անդրեյ Ռուդենկոն:- Հուսով ենք, ջանքերը որոշակի արդյունքների կբերեն: Հիմա գլխավորը` դադարեցնել արյունահեղությունը սահմանին և ավելի ակտիվորեն զբաղվել հիմնական հարցերի կարգավորմամբ, ակտիվացնել Մինսկի խմբի և համանախագահների ջանքերը: Վստահ եմ, որ նրանք կզբաղվեն դրանով, այս պրոցեսի առաջխաղացման պլաններն արդեն նախանշվել են»:

Նշելով, որ հիմա ամբողջ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է հնարավորինս արագ դադարեցնել այն, ինչ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել վերջին օրերին, փոխնախարարն ասել է. «Այս կապակցությամբ անչափ կարևոր է այն պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք նաև Մինսկի խմբի անդամ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խումբը շատ ավելի մեծ թվով պետությունների է միավորում, քան միայն երեք համանախագահողներն են: Այն երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է դրսևորեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, այդ թվում՝ հրապարակային հռետորաբանության մեջ»:

Պարոն Ռուդենկոն ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիային, որը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և շատ թափանցիկ ակնարկել այդ մասին:

Հնարավոր է, որ գլոբալիստական ուժերը հրաժարվեն Ալիևին պատերազմի մղելու իրենց մտադրությունից: Հնարավոր է, եթե նկատի ունենանք, որ նման քայլից հետո իրենք ևս անպատիժ չեն մնա: Միաժամանակ, վերջին տեղեկությունների համաձայն, Թրամփը նախընտրական լավ վիճակում չէ, գլոբալիստները` հանձին ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի, առաջիկայում հաղթելու, ԱՄՆ-ի ղեկն ամբողջապես իրենց ձեռը վերցնելու հնարավորություն են տեսել, ինչը նրանց կարող է Ռուսաստանի հետ հետագա դիմակայության ընթացքում Պուտինի իշխանության հարցերը լուծելու հույս տալ:

Արթուր Հովհաննիսյան

Այս թեմայով կարող եք կարդալ նաև հետևյալ հղմամբ` https://livenews.am/press/2020/51292/22/22/55