Տավուշ` վո~ւշ-վո~ւշ…

Նիկոլ` վո~ւշ-վո~ւշ: Զորիկ` վո~ւշ-վո~ւշ: ԱԽՔ քարտուղար` ֆուլ կոմեդիանտ:

Ահա իշխանական պատասխանատուների ցանկը և նրանց պահվածքի գնահատականը տավուշյան դեպքերից հետո:

Եվ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը դեռ քննարկում, գնահատականներ է տալիս Հայաստան-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցածին, իրականում լոկալ պատերազմին, որն ուրույն մատրիցա էր տարածաշրջանային ապագա զարգացումների, դասավորությունների համար, երբ ամենքը լուռ, սողացող «հոսքով» վերադասավորումների իրենց ճանապարհային քարտեզն են գծում, հայաստանյան պատասխանատուներից կարևորը` պատերազմական շրջանում «գերագույն գլխավոր հրամանտարը», իր կոմուֆլյաժը հագցրել էր կնոջը, ուղարկել «առաջնագիծ»,  ինքը նստել տանը` ՍԴ-ի իլիկն է պտտում, և շունչը պահած սպասում, որ շատ արագ մարդիկ մոռանան Տավուշում տեղի ունեցածը, շատ արագ ընտրվեն ՍԴ երեք դատավորները, կորոնավիրուսից շատ արագ մարդիկ մահանան, զի ինքն ասելիք ունի միայն այդ «մահերի», դիմակների, վնգստացող դատավորներին էլ ավելի վնգստացողներով փոխարինելու «խորքային» երևույթների մասին, և որևէ այլ բանի ընդունակ չէ:

Ընդորում, առավել հետաքրքիրն այն է, որ իր «նապառնիկ» ադրբեջանական կիրթը նույնպես ֆրուստրացիոն վիճակի մեջ է. լիովին ջախջախված կիրթը նստել խանումի` Մեհրիբանի կողին, դիտում է շատ ակտիվ խաղի մեջ մտած Թուրքիայի էրդողանների պասաժը` Հայաստանի հարցով:

Ու որքան էլ Փաշինյան Նիկոլը փափագում է, որ Տավուշի «հիշողությունը»  շուտ մարի, որովհետև այն անձեռակերտ արձան է` իր ոչնչության, անկարողության, իլուզիոներության, Թուրքիո ահաբեկչական էությունը, որը դե-ֆակտո երեք ուղղություններով այսօր պատերազմի մեջ է, Անվտանգության խորհրդի նիստ է անում, որից հետո հայտարարում է` ամեն գնով տեր է Ադրբեջանին, ու ըստ էության Հայաստանը գործ ունի ոչ թե ֆրուստրացված-«կառուցողական» Իլհամի, այլ` մարդակեր, ամենակեր Թուրքիայի հետ:

Ի՞նչ է անում Հայաստանը: Նախ, ոչ մի գնով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրում, ինչն ուղղակի աբսուրդ է: Չնայած ճիշտ է անում.  հրավիրի, որ ի՞նչ ասի Փաշինյանը. նորից պատմի ՈՒԱԶ-ի նաղլը, լսի գեներալ տղերքի ասքը, սուբլիմացիա ապրի, ենթագիտակցորեն ոչնչանա՞:

Չէ, հրավիրի, ու ապագա ճանապարհային քարտեզը մշակի, որովհետև դիրքերի գրավումը հիբրիդային խաղի այս օրերում ամեն վայրկյան կարող է նոր հիբրիդ բերել, մանավանդ որ, գրավված բարձունքը չափից դուրս շատ է «գեոքաղաքական», և չպետք է թույլ տալ, որ քո թիկունքում կամ գլխի վրայով գեոխաղացողները պայմանավորվեն` քո ինֆանտիլ պահվածքի, պոպուլիստական զրոյականության, պատերազմի ժամանակ անհարկի խաղաղության կոչեր անելու, խաղի ոչ մի  կանոնին չտիրապետելու պատճառով:

Ու թե լրիվ անկեղծ լինենք, եթե չլինի հայոց բանակի ներքին, ինքնաբավ, ժամանակի փորձությանը դիմակայած, պատերազմական դիսցիպլինով առաջնորդվելու` գեներալիտետական փորձառությունն ու պատասխանատվության ցայս ունեցած վերին սանդղակը, կարող էինք արձանագրել՝ «Մեր հայրենիք` թշվառ, անտեր…» բառի ամենաիսկական իմաստով, որովհետև անհայտ է, ով է ի վերջո այս երկրի տերը, ով է մտածում այս երկրի մասին, ինչ քայլեր են նախանշվում, ինչու գլուխ գլխի չեն տալիս գոնե երկրի խորքային տերերը (թե՞ տալիս են, մենք չենք տեսնում. ու տա Աստված այդպես լինի):

Իսկ իրական տերերը շատ ավելի վտանգավոր են, քան… Ի դեպ. Թուրքիայի ԱԽ նիստից հետո բարձրաձայնումին հայոց բարձրագույն իսթեբլիշմենտը դեռ որևէ կերպ չի արձագանքել: Տա Աստված` չարձագանքի: Որովհետև այն կարող է շատ նման լինել «Ֆրանս-24-ին» տված ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի խաղաղության մասին «վաշ-վիշին»:

Ընդորում, դա Զորիկ Մնացականյանի երկրորդ «պալյոտն էր նա լունու»` միջազգային ասպարեզում. առաջին անգամ  «Հարդ թոքում» էր, երբ մեր ԱԳՆ կորիֆեյն այդպես էլ չխոսեց Արցախի ինքնորոշման մասին, իսկ հիմա, խաղաղասիրական աննայաբարո «ֆիլոսից» հետո, նա բարբառեց` ողջամտության պակասից էր, որ Ադրբեջանը սպառնաց Մեծամորի ատոմակայանը պայթեցնել:

Ու քանի որ «ողջամտության պակասից» էլ թերևս իր օրերում տեղի էր ունեցել 2 մլն հայի կոտորած, Զորիկը խաղաղություն ու ողջախոհություն քարոզեց:

Նույնը քարոզեց ֆուլ կոմեդիանտը` ՀՀ ԱԽ-ից: Այս մասին քիչ անց, այնուհանդերձ. ինչու նման պահվածք ԱԳՆ ղեկավարի դեպքում (ԱԽ քարտուղարի «պահվածքը» քննարկելի չէ այն տրիվիալ պատճառով, որ «սորոսյատները» հայրենիք չունեն` գլոբալիստներ են, Թուրքիան էլ Սորոսի ամենահարազատ երկիրն է):

Եվ ուրեմն` ինչո՞ւ է բոլոր դեպքերում փորձառու դիվանագետի իմիջ ունեցող Զոհրապ Մնացականյանն  իրեն այդպես դրսևորում. դա իր ներքին բնույթն ու նախընտրությո՞ւնն է, թե պարտադրանք` Փաշինյան Նիկոլի ՈՒԱԶ-ասիրության, հակառակորդի կիրթ վիճակի, խաղաղություն մուրալու:

Կարծում ենք` երկուսը մեկում. այլապես Մնացականյանը պետք է շրխկացներ դուռը, ասեր` «դուք կործանել այս հայենիք, Նիկոլ Փաշինյան», ու հեռանար:

Ինչ վերաբերում է ԱԽՔ-իկի «հայտնությանը», Տավուշի դեպքերին նրա գրավոր գնահատանքին (ի~նչ բարձր է հնչում), ապա` առաջին դասարանցու մտաինդուկցիոն նրա հորինվածքում ծիծաղելի ինչ ասես կար, բացի գեոքաղաքականից ու անվտանգության տեսլականից, իսկ որ էլ ավելի կարևոր ու ցավալի էր` հայրենիքի զգացողությունից:

Թուրքիա. անվտանգության ամենամեծ սպառնալի՞ք… չէ չի լսել, չգիտի:

Որ իրենք ի վերջո հաջողացրին հայ-ռուսական հարաբերությունները իջեցնել  երբևէ չեղած ամենացածր, ոչ բարեկամական մակարդակի՞… չէ, չի լսել, չի տեսել:

Սորոսականները սովորաբար «քառ ու քոռ» են. նրանց փոխարեն լսում-տեսնում է պարոն Սորոսը:

Կարմեն Դավթյան