Հայ և ռուս զինվորականները վարժանքներում խաղարկել են ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ

Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ»,-գրել է Ստեփանյանը:

Հուլիսի 23-ին մեկնարկել էին հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում պետք է մշակվեին ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով: Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։