Եգիպտոսը պատրաստ է պատերազմել թուրքերի հետ Լիբիայում

Թուրքիայի համար ծանր օրերը կարող են առաջիկայում վրա հասնել ևս մեկ արաբական երկրում` Լիբիայում: Մենք պարբերաբար հաղորդում էինք Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի կոշտ հակաթուրքական հայտարարությունների և գործողությունների մասին: Եվ ահա` նոր տվյալներ: Ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության՝ Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) նախկինում անց էր կացրել խորհրդային արտադրության հականավային P-15 «Տերմիտ» հրթիռի փորձարկում (ՆԱՏՕ-ի դասակարգում. SS-N-2 Styx): Հաղորդվում է, որ փորձարկումներն իրականացվել են Թուրքիայի հետ հակամարտության հնարավոր էսկալացիայի ֆոնին, որը վերջին օրերին ակտիվացրել է Սիրիայից զինյալների տեղափոխումը, ինչպես նաև հարվածային համակարգերի մատակարարումը Լիբիա՝ այդ թվում նաև ծովային տրանսպորտի միջոցով: Այնուամենայնիվ, դատելով համացանցում տարածված տեսանյութերից՝ ԼԱԲ-ի մարտիկների կողմից Տոբրուկի տարածքում գտնվող P-15-ի փորձարկումներն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Հրթիռը, որը արձակվել էր ինքնաշեն գործարկչի միջոցով, հաջողել է թռչել հարյուր մետրից ոչ ավելի: Այնուհետև, ափի մոտակայքում այն բախվել է ծովեզերքին՝ մեծապես վախեցնելով ներկաներին: «Տերմիտները» Խորհրդային Միության կողմից Լիբիա էին մատակարարվել դեռ 70-80-ական թվականներին և օգտագործվում էին հյուսիսաֆրիկյան պետության ՌԾՈՒ նավերի և հրթիռային նավակների վրա: Սակայն որոշակի տեղեկությունների համաձայն՝ Իրանից և Ռուսաստանից ժամանած մասնագետներն արդեն գտնվում են Լիբիայում՝ «Տերմիտ» հրթիռներն օգտագործելուն լիբիացիներին վարժեցնելու համար:

Թուրքական ակտիվությունը Լիբիայի ափերին և ընդհանուր Արևելյան Միջերկրական ծովում ստիպում է Եգիպտոսին՝ Անկարայի ամենամեծ տարածաշրջանային հակառակորդին, անհապաղ գործողություններ ձեռնարկել: Ինչպես նշում են ռազմական փորձագետները՝ հունիսի կեսերին ստացվել են հաղորդումներ ռուսական «Բասթիոն» հականավային հրթիռային համակարգերի (շարժական առափնյա հրթիռային համակարգ Կ-300Պ «Բասթիոբ-Պ») ձեռքբերումը արագացնելու Եգիպտոսի պլանների մասին՝ «Միջերկրական ծովում իր ափերի և գազային հանքավայրերի անվտանգությունը ապահովելու համար»: «Բասթիոն» համակարգը ունակ է պաշտպանել ափամերձ հատվածը՝ ավելի քան 600 կիլոմետր երկարությամբ հեռավորության վրա թշնամու հնարավոր դեսանտային գործողություններից: Համալիրի տեղադրումը մարտական ​​դիրքերում իրականացվում է հրամանը ստանալու պահից ընդամենը հինգ րոպեի ընթացքում: Եվ ֆելդմարշալ Հաֆթարն արդեն համաձայնություն է տվել, որ Եգիպտոսը մտցնի իր զորքերը և օգնի վտարել թուրքերին և թուրքամետ խամաճիկներին Լիբիայից: Եգիպտոսը ուժեղացնում է իր ռազմածովային պոտենցիալը Միջերկրական ծովում իր առջև ծառացած մարտահրավերների ֆոնին, հատկապես այն բանից հետո, երբ «Yeni Safak» թուրքական թերթը անցած ամիս հաղորդել է, որ Թուրքիան նախատեսում է ռազմածովային բազա հիմնել Լիբիական Միսուրատայում:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Թուրքիան ուղարկել է բազմաթիվ համազարկային կրակի հրթիռային համակարգեր (MLRS) և ինքնագնաց հրետանային սարքեր (ACS)՝ Լիբիայի նավահանգիստ Սիրթի շրջանի տարածքում գտնվող առաջնագծի ուղղությամբ: Դա հյուսիսաֆրիկյան երկրում իրավիճակի սրման նշաններից մեկն է՝ Եգիպտոսից ստացվող նախազգուշացումների ֆոնին, այն մասին, որ Անկարայի կողմից հովանավորվող Ազգային համաձայնության կառավարության կազմավորումների կողմից Սիրթի գրոհումը Կահիրեի կողմից դիտարկվելու է որպես «կարմիր գիծ» և կհանգեցնի եգիպտական ​​բանակի ներխուժմանը հարևան երկիր… Նշվում է, որ Լիբիայում գտնվող թուրքական զորակազմը Սիրթի մոտակայքում է տեղակայում T-122 Sakarya MLRS-ները և T-155 Fırtına ACS-ներ, որոնք «արդյունավետորեն օգտագործվել են Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում»։ Շաբաթ օրը՝ հուլիսի 18-ին, Միսուրատա նավահանգստից դեպի արևելք է շարժվել մոտ 200 տրանսպորտային միջոցից բաղկացած շարասյուն, ափերի երկայնքով դեպի Տավարգա քաղաքը՝ դեպի Սիրթ:

Եգիպտոսի խորհրդարանը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել էր նախագահ ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին Լիբիայում ռազմական գործողություն իրականացնելու մանդատ շնորհելու հարցը: Քննարկումն ու հետագա քվեարկությունը տեղի ունեցան օրենսդիր մարմնի դռնփակ նիստում: Որպես Լիբիայում ռազմական միջամտության հիմնավորումներից մեկը, Եգիպտոսի նախագահի վարչակազմն անվանել է հյուսիսաֆրիկյան երկրում դաշնակիցների պաշտպանությունը թուրքական ագրեսիայից: Այսինքն՝ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը և մի շարք այլ ուժեր Լիբիայի արևելքում: Մատնանշենք. Եգիպտոսի խորհրդարանը արդեն տվել է համապատասխան մանդատը ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին…

Սերգեյ Շաքարյանց