«Տոկիո 2020»-ի կազմկոմիտեն չի բացառում, որ Օլիմպիադան անցնի առանց հանդիսատեսի

«Տոկիո 2020-ի» կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին չի բացառել, որ կազմակերպիչները կարող են խաղերը անցկացնել առանց հանդիսատեսի, եթե դա լինի միակ հնարավոր տարբերակը: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, կպահպանվի «Տոկիոյի 2020» Խաղերի անվանումը:

«Այս պահի դրությամբ մենք չենք քննարկում Խաղերը առանց հանդիսատեսի անցկացնելու տարբերակը: Այնուամենայնիվ, մենք կմտածենք, եթե այն լինի միակ հնարավոր սցենարը»,- ասել է նա: Միևնույն ժամանակ Մորին շեշտել է, որ այս պարագայում «Խաղերի չեղարկումը նույնպես հնարավոր է»: