Հայաստանի, Արցախի դեմ պատերազմն Ադրբեջանը կարող է սկսել Թուրքիայի, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի պահանջով կամ ճնշմամբ

ԱՄՆ-ի և Թուրքիայի գլոբալիստական ուժերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ են պահանջում, և Ադրբեջանը նախապատրաստվում է դրան: Միաժամանակ կարելի է ասել, որ նրան նախապատրաստում են այդ պատերազմին:

Թուրքիան, ինչպես արդեն նշել ենք մեր «Ալիևից Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ պահանջող իր ծառաներին ԱՄՆ-ը հրապարակայնորեն պաշտպանել է» հրապարակման մեջ, Սիրիայում, մասնավորապես` իր բռնազավթած Աֆրինում, ամսական 2500 ԱՄՆ դոլարով, 6 ամսվա պայմանագիր առաջարկելով, իրեն ենթակա զինյալներ է հավաքագրում Ադրբեջան ուղարկելու և, Ադրբեջանի բանակի կողքին, Հայաստանի բանակի դեմ պատերազմելու համար: Նշված պայմանագրերը կնքելու համար նույնիսկ արձանագրության կենտրոններ, գրասենյակներ է հիմնել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վերջին շաբաթվա ընթացքում թուրքերի և ադրբեջանցիների ռազմական գերատեսչությունների միջև տեղի են ունենում գերհագեցած բանակցություններ, օրինակ` Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի բարձրաստիճան հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչները շտապ գործուղվել են Թուրքիա` բանակցությունների»:

Պատգամավորն անդրադարձել է նաև մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ թուրքերը ադրբեջանցիներին հրատապորեն մատակարարում են հարվածային ԱԹՍ-ներ:

«Զուգահեռ ադրբեջանական կողմը սկսել է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նաև դիվանագիտական ճակատում, օրինակ` Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիևը հայտարարում է, որ իրենք չափազանց դժգոհ են Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախագահներից և պահանջում են ընդլայնված Մինսկի խմբի անդամների ժողով (իսկ չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես անդամ նաև Թուրքիան է ներկայացված), փաստացի ապալեգիտիմացնելով արցախյան հիմնախնդրի շուրջ ձևավորված բանակցային համակարգը։

Զուգահեռ շատ ակտիվ փորձում են պրեսինգի ենթարկել վրացիներին` փաստացի շինծու մեղադրանքներով փորձելով կաշկանդել վերջիններին` քաղաքական մանևրելուց ակնկալող սրացումների ընթացքում»։

Անդրադառնալով մեր թշնամու կողմից ոչ միայն ռազմական գործողություններով, այլև դիվանագիտական ու քաղաքական ճակատում Արցախի և Հայաստանի նկատմամբ կատարվող քայլերին, նշենք, որ Ադրբեջանն օրերս, հանձին Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի, յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունության կապակցությամբ պետք է հայտարարեմ, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իմիտացիոն բնույթի բանակցությունների»,- ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, մամուլի ասուլիսում ասել է Հաջիևը:

Ըստ Հաջիևի, Մինսկի խմբի համանախագահների մանդատի համաձայն, հիմք պետք է վերցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. «Անհրաժեշտ է վերջ տալ ստի միջոցով ու զանազան պատճառներով բանակցությունները խափանելու Հայաստանի փորձերին: Մինսկի գործընթացին անդամակցում են 11 երկրներ: Ընդլայնված կազմով Մինսկի խմբի նիստ անցկացնելու անհրաժեշտություն կա»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարո՞ղ է լինել այս լարվածության իրական պատճառը, պատասխանել է. «Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո:

Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և, իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա:

Հարցին, թե արդյոք ունի՞ մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով, Զոհրաբ Մնացականյանը նախ փորձել է խուսափողական պատասխան տալ,ապա Ճշտող հարցին, թե արդյոք Երևանը մտահոգվա՞ծ է Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողն ասել է. «Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս»:

Թուրքիայից բացի, վերջին օրերին հակահայկական աննախադեպ քայլեր են կատարել նաև ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերը: Խոսքը, մասնավորապես, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի հակահայկական բանաձևի մասին է: ԱՄՆ-ը տարիներ շարունակ Արցախյան հիմնախնդրի, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ռազմական բախումների հարցում փորձել է ներկայանալ չեզոք, անաչառ միջնորդի և երկու կողմերին խաղաղության կոչողի կերպարով: Միաժամանակ, սկսած 1992 թվականից, Միացյալ Նահանգներն ավելի քան 1.5 մլրդ դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի կառավարությանը, ընդ որում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը, 2018 և 2019 թթ. Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է հատկացրել, որն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվել ոչ նպատակային՝ հայերիս նկատմամբ ուժ կիրառելու, ներառյալ` Հայաստան ներխուժելու փորձերի համար։

Անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի հակահայկական բանաձևին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այն գնահատել է որպես պատմության ամենահակահայկական բանաձևն ԱՄՆ-ի կոնգրեսում: Քաղաքագետը մասնավորապես, նշել է.

«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ.

«…պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահնվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:

Այսպիսի հաահայկական բանաձևի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:

Քաղաքագետի կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական է, այլև հակառուսական: Այս մասին հուլիսի 22-ին նշելով իր ֆեյսբուքյան էջում կատարած մեկ այլ գրառման մեջ, Սուրեն Սարգյանը մասնավորապես նշել է.

«Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել:

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը» (պայմանագրին ընթերցողները կարող են ծանոթանալ վերոնշյալ հղմամբ):

Այս թեմայով մեր հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե աշխարհի  գլոբալիստական ուժերը, որոնք իրենց ներկայացուցիչներն ու կամակատարներն ունեն նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավար շրջանակներում, ինչո՞ ւ, ի՞ նչ շահագրգռությամբ են փորձում Ադրբեջանի միջոցով պատերազմ սկսել` դրանում ներքաշելով նաև Ռուսաստանին, ինչո՞ ւ դա կարողանալով անել ավելի վաղ, չեն արել, բայց անհրաժեշտ համարեցին հիմա:

Արթուր Հովհաննիսյան