Բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները հանդիպեցին Արման Թաթոյանի հետ (տեսանյութ)

Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով կլինի: Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա են արել նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ են հանձնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել:

Ըստ ծնողի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարող էր ընդունել, որ թյուրիմացություն է եղել և կարող էր խնդրին լուծում տալ, սակայն անտարբերություն է դրսևորում: «Մենակ պահանջում ենք, որ դու գաք ԱԺ և մասնակցեք այս քննարկմանն ու տաք կոնկրետ պատասխան, որոշում»,- ասաց նա և հավելեց, որ սպասելու են այնքան, մինչև նախարարը գա:

Ծնողը նշեց, որ նախարարությունից ներկայացուցիչներ կան, սակայն խնդիրն արագ լուծում կտրվի, եթե գա կամ նախարարը, կամ նրա տեղակալներից որևէ մեկը: Նրա խոսքով՝ բոլոր դիմորդներն էլ համաձայն են այն տեսակետին, որ պետք է բաժիններում տեղեր ավելանան, քանի որ անընդունելի է, երբ դիմորդն իր բարձր միավորներով չի ընդունվում իր ցանկալի բաժինը:

Նշենք, որ ԱԺ-ում հիմա քննարկվում է առաջ բերված հարցը, սակայն ծնողները դեմ են, որ նիստ փակ է:

Մանրամասները՝ տեսանյութում