ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները. Միշուստին

Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մեր գործընկերները, հարևանները պարենի որոշ տեսակների կարիք ունեին: ԵԱՏՄ-ն համապատասխան որոշում է կայացրել մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ: Ներկայում կսկսենք աստիճանաբար չեղարկել դրանք»,-ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ժամանակ:

Խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության մասին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ Մոսկվան անդամ երկրների հետ ռազմավարական փոխգործակցություն է վարում:

«Մեզ համար կարևոր է միության զարգացման հստակ նպատակների կյանքի կոչումը. խոսքը չորս տեսակի ազատության մասին է՝  ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի: Ահա սրանք են այն չորս հիմնասյուները, որոնց վրա մենք հիմնված ենք»,-ասել է Միշուստինը: